Օգոստոսի 7-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ընտրություններից հետո պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի առաջին նիստը։
Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Նիստին մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի ղեկավար Իսմայիլ Դեմիրը և ԳՇ պետ Յաշար Գյուլերը, որը առաջին անգամ է ներկա կոմիտեի նիստին։
Նիստից հետո արված հայտարարությունում նշվում է, որ երկրի պատշպանության ոլորտի ծրագրերն իրականացնելու համար տրամադրվելու է 13,5 մլրդ լիրա (~2,5 մլրդ դոլար)։
Հիշեցնենք, որ կոմիտեի նախորդ նիստը եղել էր մարտի 29–ին, որի ընթացքում պաշտպանության ոլորտի ծրագրերին հատկացվել էր 4,8 մլրդ դոլար։
Հիշեցնենք նաև, որ նախագահական կառավարմանն անցնելուց հետո Էրդողանը հրավիրել էր նաև Բարձրագույն ռազմական խորհրդի և ԱԱԽ նիստեր։
Թուրքիայում խորհրդարանական կառավարումից նախագահական անցումը կատարվեց 2018թ․ հունիսի 24-ի ընտրություններով։ Նախագահ վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։