Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվեցին նախագահական և խորհրդարանական համատեղ ընտրություններ: Նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ստանալով ընտրողների ձայների 52,5 տոկոսը: Այդպիսով, Էրդողանն է լինելու բանակի հիմնական վերահսկողը և գլխավոր գերագույն հրամանատարը:
Էրդողանին հաջորդում է գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ – CHP) թեկնածու Մուհարրեմ Ինջեն (ձայների 30,7 տոկոս): Մյուս կուսակցություններից՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ — HDP) թեկնածու, ներկայումս բանտարկված Սելահեթթին Դեմիրթաշը ստացել է ընտրողների ձայների 8,4 տոկոսը, իսկ նորաստեղծ «Լավ» (İyi Parti) կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները՝ 7,3 տոկոսը: Այսպիսով Էրդողանը հնարավորություն է ստանում իշխել Թուրքիայում մինչև առնվազն 2023 թվականը: Բացի այդ, Թուրքիայի սահմանադրությամբ նախագահ Էրդողանը կարող է ևս մեկ անգամ վերընտրվել՝ այդպիսով ղեկավարելով մինչև առնվազն 2028 թվականը:
Նշենք, որ Էրդողանը դեռ մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների նախնական արդյունքների հայտարարումը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ իրենք արդեն հաղթել են: Եվ կոչ արեց ընտրությունների «արդար» ընթացքի և արդյունքների վրա քող չնետել՝ պարտությունները քողարկելու նպատակով: Սրանով Էրդողանը թիրախավորում էր Ինջեին, ով հայտարարում է, որ արդյունքները կեղծվում են: Ավելի ուշ ԿԸՀ-ի նախագահը հաստատել է, որ ընտրություններում հաղթել է Էրդողանը:
ՀԺԿ նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն ավելի ուշ հայտարարել է, որ ընտրությունները չեն անցել արդար, բայց ինքը ընդունում է, որ Էրդողանը հաղթել է: Նշենք, որ ընտրության օրը որոշ շրջաններում եղել են ընտրախախտումներ, ընդդիմադիր ուժերը հայտարարում էին ընտրական լցոնումների, չարաշահումների մասին: Որոշ նահանգներում՝ հատկապես քրդերով բնակեցված արևելյան և հարավարևելյան նահագներում մի քանի բախումներ են գրանցվել, որոշ նահանգներում նաև սպանություններ են եղել: Մասնավորապես Էրզրում նահանգի Քարաչոբան գավառում բախումների հետևանքով սպանվել է «Լավ» կուսակցության գավառային տեղամասի նախագահ Մեհմեթ Սըդըք Դուրմազը և մեկ քաղաքացի:
Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում լցոնումների մասին սոցցանցերում տարածված նյութերից մեկը.
#Seçim2018 | Urfa’nın Suruç ilçesinde Gap Anadolu Lisesi’nde kurulan 1044-1043 no’lu sandıklarda toplu oy kullanıldığına dair görüntüler paylaşıldıhttps://t.co/1x73vZJeWb pic.twitter.com/KvXRAqaHb1
— Yolculuk Gazetesi (@gazeteyolculuk) June 24, 2018
Սոցցանցերում նաև տարածվում է, որ քրդամետ ԺԴԿ-ի և քեմալական ՀԺԿ-ի արդեն քվեարկված թերթիկները հայտնվել են աղբանոցում:
This is #TurkeyElections2018 #Secim2018 #secimler2018 #Secim pic.twitter.com/h9MLnRt0Fn
— Lupo (@lupolik) June 24, 2018
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ձայները վերաբաշխվել են հետևյալ կերպ.
- Արդարություն և զարգացում կուսակցություն – 42,5 տոկոս (600 հոգանոց խոհրդարանում 293 մանդատ)
- Հանրապետական ժողովրդական կուսակցություն – 22,7 տոկոս (146 մանդատ)
- Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն – 11,6 տոկոս (67 մանդատ)
- Ազգայնական շարժում կուսակցություն – 11,1 տոկոս (50 մանդատ)
- «Լավ» կուսակցություն – 10 տոկոս (44 մանդատ)
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունները երկու հիմնական դաշինքով են հանդես գալիս: Առաջին դաշինքը՝ «Ժողովրդի դաշինք» (Cumhur İttifakı), որի կազմում են իշխող ԱԶԿ-ն, ազգայնականների՝ ԱՇԿ-ն, «Հայրենիք» կուսակցությունը: «Ժողովրդի դաշինքը» ստացել է ձայների մոտ 53,6 տոկոսը, և մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Երկրորդի՝ «Ազգի դաշինքի» (Millet ittifakı), կազմում ընդգրկված են ՀԺԿ, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունները, որոնք միասին ձայների 34 տոկոսն են հավաքել:
Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ին չի հաջողվել մեծամասնություն կազմել, այսուհետ ԱԶԿ-ն ստիպված է հաշվի նստել ԱՇԿ-ի հետ, ինչը նշանակում է, որ Թուրքիայի քաղաքական օրակարգում էլ ավելի է մեծանալու ազգայնական տարրը:
Հիշեցնենք, որ 2017-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թուրքիան խորհրդարանական համակարգից անցում է կատարել նախագահական կառավարման համակարգի: Այդ փոփոխություններով նախագահի վերահսկողության տակ է անցում բանակը և անվտանգության ամբողջ համակարգը:
Նշենք, որ նախապես ընտրությունները նախատեսված էին 2019-ի նոյեմբերին: Սակայն Էրդողանը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների, ինչը պայմանավորված էր մի քանի պաշտճառներով.
- Տնտեսական ճգնաժամային իրավիճակ, լիրայի արժեզրկում,
- Մերալ Աքշեների գլխավորությամբ «Լավ» կուսակցության ստեղծում և մյուս կուսակցությունների՝ մինչև 2019 թվականի ընտրություններում ավելի մեծ ընտրազանգվածներ ստանալու հնարավորություն,
- Ներկայում Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների իրականացում, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել Էրդողանի և ԱԶԿ-ի վարկանիշը՝ հիմնականում շահագրգռելով ազգայնական զանգվածներին: