Թուրքիայում ընտրություններից հետո անցկացվել է Բարձրագույն ռազմական խորհրդի առաջին նիստը

Օգոստոսի 2-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ անցկացվել է կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Բարձրագույն ռազմական խորհրդի առաջին նիստը։ 

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։

Հարկ է նշել, որ այս անգամ նիստին ներկա են եղել ավելի շատ քաղաքացիական պաշտոնյաներ, քան ռազմական։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ առաջին անգամ է նիստին մասնակցում քաղաքացիական պաշտոնով, քանի որ նա նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի ԳՇ պետի պաշտոնը։

Խորհրդի նիստին մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդատարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը ի դեպ Էրդողանի փեսան է, ազգային կրթության նախարար Զիյա Սելչուքը, ԳՇ պետ Յաշար գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզը և ռազմածովային զորքերի հրամանատար Ադնան Օզբալը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, նախարարները և զորքերի հրամանատարները

Թուրքիայի նախագահ Էրդողանը, նախարարները և զորքերի հրամանատարները

Ըստ աղբյուրի՝ նիստը տևել է մոտ 2,5 ժամ։ Նիստի ընթացքում Էրդողանը որոշում է ընդունել ծովային ուժերի 9 գեներալի շնորհել մեկական աստիճան բարձր կոչումներ, իսկ 41 գնդապետի տվել է գեներալի կոչում։

Ցամաքային զորքերից բանակի գեներալի կոչում է ստացել միայն 2-րդ բանակի հրամանատար գեներալ–լեյտենանտ Իսմայիլ Մեթին Թեմելը, որը նաև եղել է Սիրիայի գործողությունների հրամանատարը։

Ցամաքային ուժերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Մեթին Թեմելը

Ցամաքային ուժերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Մեթին Թեմելը

Բացի այդ 2 հոգի գեներալ–մայորից բարձրացվել է գեներալ–լեյտենանտի, 3 հոգի բրիգադի գեներալից բարձրացվել է գեներալ–մայորի և 24 հոգի գնդապետից բարձրացվել է բրիգադի գեներալի։

Իսկ ռազմաօդային ուժերից բրիգադի 1 գեներալ ստացել է գեներալ–մայորի կոչում և 8 գնդապետ՝ բրիգադի գեներալի կոչում։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին էլ Էրդողանը հրավիրել էր նախագահական կառավարմանն անցնելուց հետո ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, որին ևս մասնակցել էին մի քանի նախարարներ և զորքերի հրամանատարներ։

Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի նիստ գումարվում է տարին առնվազն մեկ անգամ՝ օգոստոսին։ Որոշումները հաստատվում են նախագահի կողմից: Խորհրդի նիստի որոշումները համարվում են գաղտնի, սակայն որոշ հանրային բնույթի որոշումներ հրապարակայնացվում են պաշտպանության նախարարության կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *