Էրդողանը ընտրություններից հետո ԱԱԽ 1-ին նիստին նկատողություն է արել ԱՄՆ–ին

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը նախագահական կառավարմանն անցնելուց հետո հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) առաջին նիստը, որի ընթացքում նախագահը հանդիմանել է ԱՄՆ–ին վերջին շրջանում ընդունած որոշումների համար։

Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԱԽ պաշտոնական կայքից։

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցներին և F-35–երի մատակարարման արգելափակմանը, նշել է, որ ԱՄՆ–ն այդ որոշումներով այնպիսի վնաս է հասցրել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությանը և վստահելի հարաբերություններին, որը հնարավոր չի լինի դրանք փոխհատուցել։

Էրդողանը հայտարարել է, որ Ամերիկայի կողմից սպառնալու քաղաքականությունը անհարգալից է միացյալ հարաբերություններին և երբեք չի ընդունվելու։

Բացի ԱՄՆ–ի հետ հարաբերություններից, նիստին քննարկվել է նաև Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» հեռացնելու (YPG), ինչպես նաև «ահաբեկիչական կազմակերպությունների», մասնավորապես Գյուլենականների (FETÖ) և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի անհրաժեշտությունը։

CNN-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ անվտագության խորհրդի նիստին ներկա են եղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, արդարադատության նախարար Աբդուհամիդ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի հարցերով ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) պետ Ջելալ Ուզունքայան և զինված ուժերի հրամանատարներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները վերջին շրջանում սրվել են Թուրքիայի Ռուսաստանից Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու, դրա հետևանքով F-35 կործանիչների Թուրքիա մատակարարումը արգելափակելու, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալման հարցերի շուրջ։

Մասնավորապես ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների պաշտպանության մասով կոմիտեները հուլիսի 23-ին ընդունել էին օրենքի նախագիծ, որը արգելում էր F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը Թուրքիային կներկայացներ «Ֆ-35–երի ծրագրում Թուրքիայի մասնակցության» մասին իր զեկույց–գնահատականը՝ 90-օրյա ժամկետում։

ԱՄՆ–ն կործանիչները չի մատակարարում, քանի որ սխալ է համարում Թուրքիայի Ռուսաստանից Ս–400–ներ գնելը, և այս հարցով ԱՄՆ–ն, ինչպես նաև ՆԱՏՕ–ն մի քանի անգամ Թուրքիային հայտնել էին իրենց մտահոգությունները։

Այնուհետև ԱՄՆ նախագահ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել էր, որ եթե Թուրքիան չազատի Գյուլենականների հետ կապի համար մեղադրվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Ամերիկան Թուրքիայի նկատմամբ կկիրառի պատժամիջոցներ։

Հուլիսի 26-ին էլ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը ընդունել էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրենքի նախագիծը։ Սահմանափակումները նախատեսվում էին ֆինանսական միջազգային  կազմակերպություններից վարկ ստանալու շրջանակներում։ Որպես պատճառ ներկայացվել են ԱՄՆ քաղաքացիների անօրինական ձերբակալությունները և հետապնդումները։

Հարավային Աֆրիկա կատարած իր այցի ժամանակ՝ հուլիսի 29-ին, Էրդողանը լրագրողների հետ զրույցում սպառնացել էր ԱՄՆ–ին, ասելով, որ եթե իրենք արգելում են F-35–երի մատակարարումը, ապա Թուրքիան կդիմի միջազգային արբիտրաժային դատարան։ Իսկ հոգևորական Բրանսոնին Թուրքիան չի պատրաստվում բաց թողնել։

Ավելին՝ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը ևս ապագայի համար ունի շատ պլաններ, և չգիտի արդյո՞ք ԱՄՆ–ն և եվրոպական երկրները տեղյակ են այդ մասին, թե՝ ոչ։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ–ն այս կերպ կորցնում է Թուրքիայի նման ուժեղ և հավատարիմ գործընկերոջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *