2017թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 6 մեծ տրամաչափի հրետանի, Ադրբեջանը՝ 61 զրահամեքենա

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Ռուսաստանի զեկույցը՝ 2017 թ. արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 61 «մարտական զրահամեքենա», իսկ Հայաստանին՝ 6 «մեծ տրամաչափի հրետանային համակարգ»: Զեկույցում վաճառված սպառազինության վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ չկան:

Հայաստանին մատակարարված սպառազինություն

Ինչպես արդեն նշեցինք, ՄԱԿ-ի ռեգիստրում հրապարակված ՌԴ զեկույցում չի նշվում, թե Հայաստանին կոնկրետ ինչ «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» են վաճառվել:

Սակայն 2018 թ. մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցում նշվում էր, որ Հայաստանը 2017 թ. ներկրել է 14 մլն դոլարի սպառազինություն, այդ թվում.

  • BM-9A52 «Սմերչ» ՀԿՌՀ-ներ (6 միավոր. մատակարարվել է 2016 թ., 2017 թ. մատակարարումը շարունակվել է);
  • Verba/SA-25 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ (200 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.);
  • 9M133 «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներ:

«Վերբա-Ս»-երի ձեռքբերման մասին հայկական կողմը հայտնել էր դեռևս 2017 թ. ապրիլին: Նույն ժամանակ նաև նշվում էր, որ հայկական զինուժը «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ներ է ստացել: «Կորնետ» համալիրների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել այս տարի՝ 2018 թ.:

Ադրբեջանին մատակարարված սպառազինություն

Թեև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ նշում են, որ հայտագրված 61 «մարտական զրահամեքենաների» թվում եղել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ և ԲՄՊ-3 զրահամեքենաներ, սակայն ԲՄՊ-3-ների մասով գործարքը հաստատող այլ տեղեկություններ չկան: Ավելին՝ 2017 թ. օգոստոսին «ՏԱՍՍ»-ը հայտնել էր, որ ԲՄՊ-3-ների հերթական խմբաքանակի մատակարարումը մեկ անգամ ևս հետաձգվում է ու կիրականացվի 2018թ.: Սա, իհարկե, տեսականորեն չի բացառում, որ աշնանը գործարքը եղել է, բայց դա հաստատող տվյալ չկա:

Ինչ վերաբերում է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներին, ապա մատակարարման մասին հայտնի էր դարձել դեռևս 2017 թ. ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրած տեսանյութից և լուսանկարներից: Նկատենք, որ ԲՄՊ-3-ների նոր խմբաքանակի մատակարարման տեսանյութ, լուսանկար, նյութ չի հրապարակվել:

Հավելենք, որ 2017 թ. Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի արդիականացված հրթիռներ և «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ (չենք կարող բացառել, որ «Քրիզանթեմա-Ս»-երը դասակարգված են մատակարարված «մարտական զրահամեքենաների» խմբում՝ ԲՏՌ-82Ա ԶՓ-ների հետ):

Ըստ SIRPI-ի զեկույցի՝ Ադրբեջանը 2017 թ. ՌԴ-ից ստացել է 40 միավոր ԲՏՌ-82Ա և 24 միավոր «Քրիզանթեմա-Ս», ինչպես նաև «Քրիզանթեմայի» 800 հրթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *