Հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զինտեխնիկա։ Նյութին կից հրապարակած տեսանյութում երևում է, որ «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավից բեռնաթափում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ։
Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։
Դատելով հրապարակված տեսանյութից՝ մատակարարվել են «Քրիզանտեմա-Ս» համալիրի մեջ ներառվող 9П157-2 արձակման կայաններ և 9П157-3 դասակի հրամանատարի մեքենաներ, ինչպես նաև համակարգերի տեխնիկական սպասարման համար նախատեսված մեքենա։
Marinetraffic կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Բաքվի նավահանգստում տվյալ համակարգեը բեռնաթափած «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավը հունիսի 23-ին դուրս է եկել նավահանգստից և շարժվել Ռուսաստանի կողմ։ Նավը կրում է Ռուսաստանի դրոշը։
Համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկությունների՝ Ադրբեջանը 2014 թ․ պատվիրել, իսկ 2015-ին ստացել էր 10 միավոր նման համակարգ։
Իր հերթին ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ․ ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր և վերսկսվել է հիմա՝ 2017 թ․ հունիսին։
9П157 մարտական մեքենան ստեղծվել է ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի ընթացամասի վրա։
- Մարտական զանգվածը՝ 20 տոննա,
- Անձնակազմը՝ 2,
- Տեղափոխվող հրթիռների քանակը՝ 15,
- Շարժիչի հզորությունը՝ 660 ձիաուժ,
«Քրիզանտեմա-Ս» համալիրի 9М123հրթիռի ՄՏԲ
- Առավելագույն հեռահարությունը՝ 5 կմ,
- Նվազագույն հեռահարությունը՝ 400 մ,
- Մարտական մասը՝ կումուլյատիվ տամդեմային 9Н146-1,
- Մարտական մասի տրամաչափը՝ 155 մմ։
One response to “Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է «Քրիզանտեմա-Ս» հակատանկային համալիրներ”