Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2017 թ. SIPRI

Մարտի 12-ին «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 2017 թ. զենքի համաշխարհային առևտրի վերբերյալ սեփական հետազոտությունը, համաձայն որի, նախորդ տարում Ադրբեջանը ներկրել է 279 մլն դոլարի սպառազինություն: Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն Իսրայելն է՝ 137 մլն դոլարի: 2-րդ խոշոր մատակարարը Ռուսաստանն է՝ 128 մլն դոլարի:

Զենքի ներկրումները Ռուսաստանից

SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Ռուսաստանից ներկրել է.

  • *TOS-1 ծանր հրանետ (36 միավոր պատվ. է՝ 2011, որից 36 ստացել է 2013-2017թթ.);
  • BTR-82A IFV (70 միավոր պատվ. է 2016 թ., որից 40 միավոր ստաց.է 2017 թ.);
  • 9M123/AT-15 հակատանկային հրթիռ «Քրիզանտեմա-Ս» համակարգերի համար (2017 թ. պատվիրել և ստացել է 800 միավոր);
  • 9P157-2 «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիր (2017 թ. պատվիրել և ստացել է 24 միավոր):

Նշվածներից Ադրբեջանի ՊՆ-ն 2017 թ. ընթացքում հայտնել է ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Քրիզանտեմա-Ս» համակարգեր ստանալու մասին: Սակայն «ՏՕՍ-1Ա» համակարգերի նոր խմբաքանական ստանալու մասին ադրբեջանական կողմը չի հայտնել: Փոխարենը 2017 թ. Ադրբեջանում ցուցադրել է ՌԴ-ից ստացած «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետների հրթիռներ, որոնք SIPRI-ի բազայում ընդգրկված չեն:

Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների՝ Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել և ստացել է 24 միավոր ՏՕՍ-1Ա ծանր հրանետ:

Զենքի ներկրումներն Իսրայելից

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը 2017 թ. Իսրայելից ներկրել է 137 մլն դոլարի սպառազինություն, այդ թվում.

  • OPV-62 տեսակի պարեկանավեր (4 միավոր մատակարարվել է 2015-17 թթ.);
  • Spike հակատանկային հրթիռային համալիրներ նավերի համար (215 միավոր մատակարարվել է 2014-17 թթ.);
  • Orbiter-1K անօդաչու թռչող սարքեր, ներառյալ՝ Ադրբեջանում հավաքվող «Զարբա» անվամբ տարբերակները (40 միավոր մատակարարվել է 2016-17 թթ.):

Orbiter 1K մատակարարումների վերաբերյալ տվյալներին պետք է որոշակի վերապահումով մոտենալ: Ինչպես արդեն քանիցս տեղեկացրել ենք 2017 թ. ընթացքում, օգոստոսից սկսած իսրայալելական կողմը արգելանք է սահմանել Ադրբեջանին այս համակարգերի մատակարարման պայմանագրի հետագա իրանականցման վրա: Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում:

Հավելենք, որ SIPRI-ի տվյալներում հաճախ հանդիպում են նաև չճշտված տեղեկություններ: Այսպես 2016 թ. մատակարորւմների ցուցակում նշվում է նաև իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Սակայն ադրբեջանական կողմն ինքը 2016 թ. վերջին հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ միայն նշված համակարգերը ձեռք բերելու բանակցություններ են տարվում: 2017 թ. ընթացքում հավելյալ տեղեկություններ չեն հայտնվել:

ՀԿՌՀ, ինքնագնաց հրետանի. Չեխիա, Սլովակիա

SIPRI-ի տվյալներով՝ Ադրբեջանը 2017 թ. Չեխիայից ներկրել է 3 մլն դոլարի, իսկ Սլովակիայից՝ 12 մլն դոլարի սպառազինություն: Ըստ որում՝ Չեխիայից ադրբեջանական կողմը ներկրել է 10 միավոր 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ Սլովակիայից՝ 18 միավոր 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանայաին համակարգ:

RM-70-նների դեպքում համակարգերը նախ ուղարկվել են Իսրայել, այնուհետև՝ այդտեղից Ադրբեջան: ԻՀՀ-ների դեպքում SIPRI-ն նշում է, որ դրանք ևս երրորդ պետության միջոցով են մատակարարվել Ադրբեջանին, սակայն պետությունն «անհայտ» է:

Հիշեցնենք, որ այս համակարգերը Ադրբեջանում ցուցադրվեցին 2017 թ. սեպտեմբերի զորավարժության ընթացքում: Մինչ օրս վերջնականապես չի պարզվել, թե որ երկրներն են դրանք Ադրբեջանին մատակարարել: Չեխական կողմը հայտնում է, որ իրենք կապ չունեն: Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն՝ այստեղ:


Այսպիսով, ըստ SIPRI-ի զեկույցի, Ադրբեջանը 2017 թ. Իսրայելից, Ռուսաստանից, Սլովակիայից և Չեխիայից գնել է ընդհանուր առմամբ 279 մլն դոլարի սպառազինություն:

Հավելենք, որ այս կառույցը պարբերաբար վերահաշվարկներ է անում: Եթե 2017 թ. հրապարակված զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանը 2016 թ. ներկրել է 257 մլն դոլարի սպառազինություն, ապա այս զեկույցում արդեն նշվում է, որ Բաքուն 2016 թ. ներկրել է 272 մլն դոլարի զենք:

Հավելենք, որ 2017 թ. մատակարարների ցուցակում 2016 թ. համեմատությամբ բացակայում է Թուրքիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *