Ադրբեջանում հայտնում են զրահահար ԱԹՍ-ի փորձարկումների մեկնարկի մասին

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ սկսվել են կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքերի առաջին փորձարկումները: Նա չի նշել, թե կոնկրետ որ ԱԹՍ-ի մասին է խոսքը, սակայն, դատելով առկա տվյալներից՝ խոսքը իսրայելական Orbiter-1K անօդաչուի մասին է:  Ջամալովի հայտարարությունը փոխանցել է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Այդ հայտարարությունը հարցեր է առաջացնում, հաշվի առնելով այս տարվա ամռանն իսրայելական հարվածային անօդաչուների՝ Ադրբեջան մատակարարելու շուրջ առաջացած սկանդալը։

Դեռևս 2017 թ. ապրիլին Ջամալովը զեկուցել էր Ադրբեջանի նախագահին Ադրբեջանում կումուլյատիվ մարտական մասով անօդաչու թռչող սարքի՝ «Զարբա ԿՀ»-ի (Zərbə KH) նախագծման աշխատանքների մեկնարկի մասին: Ադրբեջանում «Զարբա» են անվանել իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության հետ համատեղ գործարանում հավաքվող Orbiter-1K ԱԹՍ-ները:

Մինչ այդ՝ 2016 թ., Ադրբեջանում ներկայացրել էին տվյալ ԱԹՍ-ի բեկորաֆուգասային մարտագլխիկով տարբերակը՝ նշելով, որ այն ևս արտադրում են ու նույնիսկ ստորագրել են Ադրբեջանի ՊՆ-ին այդ ԱԹՍ-ներից մատակարարելու համաձայնագիր:

Այս անգամ էլ Ջամալովը կրկին հիշեցրել է, որ Ադրբեջանում գործում է ADS-ի հետ ստեղծած համատեղ արտադրամաս: Այնուամենայնիվ Ջամալովը «մոռացել է» հիշատակել, որ հենց այս՝ Orbiter-1K անդօաչուների գործարքի պատճառով ADS-ն Իսրայելում վերջին ամիսներին ներքաշվել է բավականին լուրջ դատական գործընթացի մեջ և հայտնվել արտահանման սահմանափակումների տակ:

2017 թ. օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ» պարբերականը հայտնեց, որ Ադրբեջանի բանակի ներկայացուցիչները իսրայելական ընկերության պատվիրակությանն Ադրբեջանում «առաջարկել էին» նոր մահապարտ ԱԹՍ-ն «փորձարկել» հայկական դիրքերի դեմ։ Իսրայելցի օպերատորները հրաժարվել են, սակայն այն փորձարկել են նույն իսրայելական պատվիրակության ղեկավարները:

Իսրայելում այս տեղեկության տարածմանը հետևեց գործի քննությունը, որի շրջանակներում Իսրայելի ՊՆ-ն կասեցրեց Ադրբեջանին տվյալ տեսակի մահապարտ ԱԹՍ-ների «արտահանման և մարքեթինգի» արտոնագիրը, ապա նաև գործի քննությունը փոխանցվեց Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների հետաքննման բաժանմունքին:

Այսպիսով, գոնե առայժմ Ադրբեջանին Orbiter-1K տեսակի ԱԹՍ-ների վաճառքն արգելված է: Սակայն սա մի շարք անպատասխան հարցեր է մնում.

  1. Արդյո՞ք խոսքը նաև կումուլյատիվ մարտական մասով անօդաչուների մասին է,
  2. Արդյո՞ք խոսքը նաև Ադրբեջանում դրանք հավաքելու արտոնագրի սառեցման մասին է:

Բացի այդ, ինչպես արդեն նշել էինք ավելի վաղ, հետաքննությունը և դրա արդյունքում ի հայտ եկած մանրամասները մի շարք անպատասխան հարցեր են առաջացնում՝ կապված Ադրբեջանում առհասարակ այս տեսակի ԱԹՍ-ների հավաքման հետ՝

  • Եթե սարքը , ինչպես նշում են, հավաքում են Ադրբեջանում, ապա ինչու են մեկ տարի անց այն գնելու նոր պայմանագիր ստորագրում։ Արդյո՞ք Ադրբեջանում այնուամենայնիվ չեն հասցնում «բավարար քանակով» (՞) կամ գուցե «անհրաժեշտ տեմպերով» մահապարտ անօդաչուներ արտադրել, կամ էլ ընդհանրապես արտադրական խնդիրներ ունեն։
  • Եթե Ադրբեջանում 2008 թվականից շահագործում են, իսկ 2011 թվականից հավաքում և կիրառում է նույնատիպ հետախուզական ԱԹՍ-ներ, ապա արդյոք չէին կարող այդքան ժամանակում սեփական մասնագետներ պատրաստել:

Հավելենք, որ հետաքննության ընթացքում իսրայելական ընկերության բաժնետոմսերի շուկայական գինը մի քանի անգամ կտրուկ անկում գրանցեց: Թեև վերջին շաբաթվա ընթացքում արժեթղթերի գինը որոշակի աճ է գրանցել, սակայն հետևյալ գրաֆիկից պարզ է դառնում, որ 1 տարվա, ինչպես նաև վերջին մի քանի ամսվա տվյալներով նվազել է:

Իսրայելական ADS ընկերության արժեթղթերի գինը 2017 թ. ընթացիկ ամիսներին. 18.12.2017 թ.

Իսրայելական ADS ընկերության արժեթղթերի գինը 2017 թ. ընթացիկ ամիսներին. 18.12.2017 թ. (իսրայելական արժույթով)

Հավելենք, որ նոյեմբերի վերջին ընկերության ներդրողները 115 մլն դոլարի դատական հայց էին ներկայացրել ADS-ի դեմ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *