Թուրքիայում վթարի հետևանքով մահացել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը

Մարտի 11-ին Թուրքիայի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից, Հաթայ նահանգում ռազմական բեռնատար է վթարվել, արդյունքում մահացել է 1 զինծառայող, վիրավորվել է 2-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դեպքը եղել է Յայլադաղ գավառում՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի սահմանապահ 3-րդ գումարտակին կից զորամասերից մեկի մոտակայքում: Վիրավորված զինծառայողները հոսպիտալացվել են:

Նշենք, որ պատերազմական և ճգանաժամին իրավիճակներում աճում են նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստների թվաքանակը: Վերջին մի քանի ամիսներին Թուրքիան մեծ թվով զորքեր է կենտրոնացրել հենց Հաթայ նահանգում, որտեղի էլ դրանք անցնում են թուրք-սիրիական սահմանը և միանում Սիրիայի Աֆրին շրջանում ռազմական գործողություններին:

Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինյալների գործողությունները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ սկսել են դեռևս հունվարի 20-ից:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտնական տվյալներով՝ մինչև այժմ Աֆրինում սպանվել է 42 զինծառայող, վիրավորվել 202-ը: Այս թվերի մեջ ներառված չեն Թուրքիային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների կորուստները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *