ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Մրցույթը կազմակերպվում է «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ:
Մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 25-ը կարող են գրանցվել այստեղ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝+374 10 294416:
Նշենք, որ նման մրցույթ հայտարարվել էր նաև 2016 թվականի ամառային և ձմեռային, 2017 թ. ամառային զորակոչների ժամանակ: «Հայտեք» կենտրոնի ստեղծման մասին հայտնի էր դարձել 2015-ի հունիսին:
Հավելենք, որ 2017 թ. ներկայացված նախագծով նախատեսվում էր ՀՀ ՊՆ-ում ստեղծել կիբերանվտանգության կենտրոն: