Իրանի հոգևոր առաջնորդը Միջուկային համաձայնագրի պահպանման համար պահանջներ է ներկայացրել Եվրոպային

Մայիսի 23-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային է ներկայացրել այն պահանջները, որոնց կատարման դեպքում Միջուկային համաձայնագիրը կարող է պահպանվել։ Այս մասին հայտնում է Իրանի հոգևոր առաջնորդի կայքը։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Հասան Ռոհանին

Խամենեին մասնավորապես հայտարարել է.

  • Վերջին 2 տարիներին ԱՄՆ-ն բազմիցս խախտել է միջուկային համաձայնագիրը և Եվրոպան լուռ է մնացել։ Եվրոպան պետք է այդ լռությունը փոխհատուցի,
  • ՄԱԿ-ի 2231 բանաձևը խախտելու համար Եվրոպան պետք է բանաձև ընդունի ընդդեմ ԱՄՆ-ի,
  • Եվրոպան չպետք է քննարկի Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրի և տարածաշրջանում Իրանի գործունեության հարցը,
  • Եվրոպան պետք է դիմակայի Իրանի նկատմամբ ցանկացած պատժամիջոցի,
  • Եվրոպան պետք է երաշխավորի Իրանի նավթի վաճառքը, այնպես որ ԱՄՆ պատժամիջոցները վնաս չհասցնեն այդ վաճառքին,
  • Եվրոպական բանկերը պետք է երաշխավորեն Իրանի հետ առևտուրը։

Ըստ Խամենեի՝ եթե Եվրոպան վարանի կատարել այս պահանջները, Իրանն իրավունք ունի վերսկսել իր միջուկային գործունեությունը։

Հանդիպման ընթացքում ելույթ է ունցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով կրկին հայտարարել է, որ եթե համաձայնագրի անդամ 5 երկրները ապահովեն Իրանի շահերը, ապա համաձայնագիրը կշարունակի գործել նաև առանց ԱՄՆ-ի։

Հիշեցնենք, որ Իրանի Միջուկային համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել էր, որ չի վստահում նաև  Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային և Միջուկային գործարքի պահպանման համար երաշխիքներ էր ցանկացել այդ երկրներից։

Նշենք, որ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո տեղծված իրավիճակը քննարկելու համար մայիսնի 15-ին առաջին հանդիպումն էին անցկացրել Իրանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի արտգործանախարարները և ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպումը գնահատել էր «լավ ու կառուցողական»:

Այս հանդիպումից 3 օր անց՝ մայիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովը Իրանի նկատմամբ կիրառվելիք ԱՄՆ պատժամիջոցներից եվրոպական  ընկերությունները պաշտպանելու համար սկսեց «արգելափակման մասին կանոնակարգի» ակտիվացման գործընթացը: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելելու է կատարել ԱՄՆ արտատարածքային պատժամիջոցները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *