Թուրքական տանկի ոդիսականը. Անկարան կրկին հայացքն ուղղել է դեպի Գերմանիա

Մյունխենում անցկացված անվտանգության համաժողովի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ նշելով, որ իրենք կուզենային «Ալթայ» հիմնական մարտական տանկերի արտադրության շուրջ համագործակցել Բեռլինի հետ: Թուրքիայի վարչապետի տվյալ հայտարարությունը փոխանցել էին ոչ միայն գերմանական կայքերը, այլև՝ թուրքական պետական «Անադոլուն»:

Տանկի հիմնական մասերը Գերմանիայից են. Թուրքիան արտադրում է պարզ դետալներ

Ըստ որում թուրք պաշտոնյան ընգծել է, որ իրենք, միևնույն է, «Ալթայ» տանկերի համար անհրաժեշտ հիմնական սարքավորումները, մասերը, հաստոցները ստանում են Գերմանիայից, իսկ Թուրքիայում արտադրում են միայն «պարզ դետալները»:

Բինալի Յըլդըրըմը նաև բողոքել է, որ Գերմանիան կրճատել է Թուրքիային մատակարարվող սպառազինության քանակը: «Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք: Գերմանիան էլ է ՆԱՏՕ-ի անդամ: Մենք մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի սահմաններն ենք պաշտպանում»: Ահա այսպիսի հայտարարությամբ է թուրք գործիչը փորձել «համոզել» Բեռլինին, որպեսզի ոչ միայն վերականգնեն սպառազինությունների նորմալ մատակարարումը, այլև՝ օգնեն ի վերջո «Ալթայ» տանկեր հավաքել Թուրքիայում:

Թուրքիայի վարչապետը նաև գերմանական կողմին խնդրել է զբաղվել Leopard տանկերի արդիականացմամբ՝ նշելով, որ այո՛, իրենք այդ տանկերը Աֆրինում կօգտագործեն: «Մենք դրանք հենց այս օրերի համար ենք գնել», – նշել է Յըլդըրըմը:

Ինչպես գիտենք, գերմանական կողմը վերջերս դադարեցրել էր Թուրքիայի ԶՈւ Leopard տանկերի արդիականացման ծրագիրը՝ նշելով, որ դա կքննարկի նոր ձևավորվող կառավարությունը: Իսկ կառավարությունը դեռ չի ձևավորվել: Հաշվի առնելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը՝ հավանաբար, գերմանական կողմը որպես գործարքի դադարեցման պատճառ նշում է, այն, որ Թուրքիան այդ տանկերը կկիրառի Սիրիայի տարածքում, իսկ իրենք դա չեն ուզում:

Անդրադառնալով հիմնական թեմային՝ Թուրքիայում «Ալթայ» տանկերի հավաքմանը՝ նշենք, որ Թուրքիան արդեն 10 տարուց ավել է, ինչ հայտնում է, թե գործընթացը սկսում են, սակայն այն դեռևս փորձնական նախատիպերի հավաքումից այն կողմ չի անցել:

Հիմնական խնդիրներից մեկը «Ալթայի» շարժիչն է

«Ալթայ» տանի համար օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի տեխնոլոգիաներն ու լուծումները։ Հարավկորեական տարբերակի շարժիչն արտադրում է գերմանական MTU ընկերությունը: Սակայն նույն ընկերության և Թուրքիայի հարաբերությունները չստացվեցին, քանի որ MTU-ն, ինչպես նաև այլ գերմանական ընկերություններ, պետք է հետևեն, որ տանկերը հետագայում չհայտնվեն զենքի վաճառքի էմբարգոյի գերմանական ցուցակի երկրներում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում:

Սրան զուգահեռ և հետագայում թուրքական կողմը փորձեց պայմանավորվել ճապոնացիների, ավստրիացիների, նույնիսկ ուկրաինացիների հետ, սակայն ապարդյուն: Վերջում Թուրքիան անցավ սեփական շարժիչներ արտադրելու գործընթացին, սակայն դա էլ առայժմ չի ստացվում:

2017 թ. փետրվարին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) չեղարկեց«Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը: 2017 թ. նոյեմբերին հայտարարվեց նոր մրցույց տեղական ընկերությունների շրջանում, սակայն դեռ արդյունքները պարզ չեն:

Զանգվածային արտադրության 10 տարվա անարդյունք փորձեր

2007 թ. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տանկերի արտադրության շուրջ պայմանագիր էր կնքել թուրքական «Օթոքար» ռազմարդյունաբերական ընկերության հետ: Մինչ օրս, սակայն, թուրքական այս ընկերությունը կարողացել է միայն տանկի մի քանի նախատիպ թողարկել:

Սակայն միայն տասը տարի անց՝ 2017 թ. հունիսին, Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկեց «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Նշվում էր, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշել են նոր մրցույթ հայտարարել:

Նոր մրցույթը հայտարարեցին նույն տարվա աշնանը: Հայտ ներկայացրած տեղական ընկերություններից մեկը կրկին նույն «Օթոքարն» է: Ըստ որում այս անգամ կրճատվել էր տանկերի զանգվածային արտադրության անհրաժեշտ ընդհանուր քանակը՝ 1000-ից 500-ի: Առաջին փուլում, ինչպես և նախկինում, նախատեսվում է 250 տանկ հավաքել: Սակայն եթե նախկինում նշում էին, որ 2018 թ. այդ տանկերը կսկսեն մատակարարել, ապա այժմ հստակ ժամկետներ չկան:

Այժմ էլ պարզվում է, որ բացի շարժիչներից, նաև հենց տանկի արտադրության հիմնական սարքավորումները, հաստոցները, մասերը գերմանական են, իսկ Թուրքիայի ներդրումը պարզ դետալներն են: Ենթադրաբար, երկար տարիների փորձից հետո Թուրքիային առայժմ չի հաջողվում առանց գերմանական միջամտության և անմիջական մասնակցության, միայն սեփական ուժերով սկսել «Ալթայ» տանկերի զանգվածային արտադրությունը:

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» հիմնական մարտական տանկ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *