Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության համար դիմել է տեղական 5 ընկերություն: Սրան զուգահեռ ընթանում է նաև հենց տանկերի արտադրության համար մրցույթը՝ արդեն երկրորդ անգամ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Շարժիչի արտադրության համար դիմել են՝
- BMC զրահատեխնիկա արտադրող ընկերությունը,
- Figes Fizik սիմուլյատորներ արտադրող ընկերությունը,
- Ստամբուլի նավաշինական գործարանը,
- TAI ավիաշինական ընկերությունը,
- «Թյումոսան» շարժիչաշինական ընկերությունը:
Նախորդ շաբաթ երեք ընկերություն էլ հայտ էր ներկայացրել հենց տանկերի զանգվածային արտադրության համար: Այդ թվում մասնակցում է նշված BMC-ն, ինչպես նաև Otokar և FNSS ընկերությունները:
Ավելի վաղ՝ 2017 թ. հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկել էր «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը:
Մինչ այդ՝ 2017 թ. փետրվարի 24-ին, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը:
«ԱԼթայ» տանկի արտադրության հարցում հիմնական խնդիրը հենց շարժիչների արտադրությունն է: Մի քանի անգամ տապալվել են այլ երկրներից ներմուծելու տարբերակները, ինչպես նաև հենց Թուրքիայում դրանց արտադրության ծրագրերը: