Թուրքիան կրճատում է «Ալթայ» տանկերի զանգվածային արտադրության անհրաժեշտ քանակը

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք արդեն սկսել են «Ալթայ» հիմնական մարտական տանկի զանգվածային արտադրության մրցույթը: Ընդհանուր նախատեսվում է արտադրել 500 միավոր՝ նախնական փուլում արտադրելով դրա կեսը՝ 250 միավոր: Ըստ Թուրքիայի ՊՆ ղեկավարի՝ մրցույթի համար վերջին հայտերը նոյեմբերի 18-ին արդեն ստացել են: Մոտակա օրերին նախատեսվում է ամփոփել արդյունքները:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Տանկի զանգվածային արտադրության մրցույթին հայտ է ներկայացրել երեք տեղական ընկերություն՝ Otokar, FNSS և BMC: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը մրցույթին մասնակցելու հրավեր էր ուղարկել նշված 3 ընկերությանը:

Այդ ժամանակ նշվում էր, որ առաջին փուլում նախատեսվում է արտադրել 250 միավոր «Ալթայ» տանկ, իսկ այնուհետև Թուրքիան ցանկանում է դրանց թվաքանակը հասցնել 1000-ի: Ներկայում խոսվում է ընդամենը 500-ի մասին:

Ավելի վաղ՝ 2017 թ. ունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկել էր «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Նշվում էր, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշել են նոր մրցույթ հայտարարել:

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Դրանից առաջ՝ ապրիլին, Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-2020 թվականներից: Հայտարարությունից կարճ ժամանակ անց, սակայն, չեղարկվեց 250 տանկ արտադրելու վերաբերյալ «Օթոքարի» առաջարկը, իսկ մինչ այդ  չեղարկվել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը:

Թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկը «Օթոքար» ընկերությունը մշակում է դեռևս 2007 թվականից։ Տանկի համար օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։

Մինչ օրս ստեղծվել է տանկի մի քանի նախատիպ: Զանգվածային արտադրության ճանապարհին հիմնական խնդիրը շարժիչն է: Մինչ այժմ բոլոր փորձերը տապալվել են: Այդ թվում Թուրքիան համաձայնության չի կարողացել հասնել գերմանական MTU ընկերության հետ, ում շարժիչներով աշխատում է հարավկորեական տանկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *