Թուրքիան Ս-400-ների համար մասամբ կվճարի իր հաշվին, մասամբ՝ ռուսական վարկի. Կոժին

Դեկտեմբերի 21-ին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման համաձայնագիրը գրեթե բոլոր ասպեկտներով համաձայնեցվել է: Անկարան համակարգերի համար կվճարի Ռուսաստանի տրամադրած վարկի միջոցներից և մասամբ էլ՝ սեփական հաշվից: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Հուսով եմ, որ փաստացի պայմանագիրը բառացիորեն օրերս մտնում է ռեալիզացման փուլ, բոլոր ասպեկտները որոշվել են, այդ թվում՝ ֆինանսական: Պայմանագիրը բաղկացած կլինի ֆինանսական երկու բաղադրիչից: Պայմանագրի մի մասը կվճարի թուրքական կողմը, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի տրամադրած վարկի հաշվին կվճարվի», – նշել է Կոժինը:

Ըստ Կոժինի՝ մատակարարումը կսկսվի շուրջ 2 տարուց՝ այն է՝ 2019 թ. վերջից և 2020 թվականի սկզբից: ՌԴ նախագահի օգնականը չի նշել, թե Թուրքիային քանի նման համակարգ կտրամադրեն:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019-ին։ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Ռուսաստանյան կողմն ավելի վաղ հայտարարում էր, մատակարարումը կսկսի գումարի ամբողջական վճարումից հետո։

Դեկտեմբերի 14-ին էլ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Թուրքիայում Ս-400-ների տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան համապատասխան ինժեներներ կպատրաստի, անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *