Թուրքիային Ս-400 ԶՀՀ-ներ վաճառելու գործարքի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը. «Ռոստեխ»

Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի կնքած պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:Այս մասին նոյեմբերի 2-ին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Թուրքիայի հետ Ս-400-ների վերաբերյալ կնքված գործարքի արժեքը կազմել է ավելի քան 2 միլիարդ [դոլար – խմբ.՝ Razm.info-ի]», – հայտարարել է Չեմեզով՝ չհաղորդելով այլ մանրամասներ:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Դեռևս այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ Թուրքիային Ս-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է և անցել է կատարման փուլ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին  այդ համակարգերի համար: Թուրքական կողմը նաև հայտնել էր, որ Ս–400-ների մատակարարումը Թուրքիային կարող է սկվել 2 տարվա ընթացքում:

Թուրքիայի իշխանությունները նաև հայտարարում էին, որ կողմերը բանակցում են Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ, սակայն ռուսաստանյան կողմը մի քանի անգամ նշել է, որ տեխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկվում:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» գործակալության տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *