ԻՊ-ն տեսաուղերձով սպառնացել է նոր հարձակումներ գործել Թեհրանում

Օգոստոսին 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է տեսանյութ, որտեղ խմբավորման 3 զինյալ սպառնում են նոր ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Այս մասին հայտնել է իրանական «Press TV» լրատվական գործակալությունը։

Դիմակավորված և AK-47 ավտոմատներով զինված ահաբեկիչները կոչ են արել Իրանի երիտասարդությանը ոտքի կանգնել և ջիհադիստական պայքար սկսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հետախուզության ուժերը «Իսլամական պետության» 27 զինյալի էին ձերբակալել։ Զինյալներից 17-ը ձերբակալվել են հենց Իրանի տարածքում, իսկ մնացած 10-ը՝ երկրի սահմաններից դուրս։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա․ սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Իրանի հետախուզության նախարարության հայտարարարության համաձայն՝ ահաբեկչության կազմակերպիչները և  առնչակից բոլոր անձինք վնասազերծվել են։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցրել Իրաքի և Պակիստանի սահմանակից շրջաններին։ Հենց նշված շրջաններով են ահաբեկիչները ներթափանցում Իրան և հետ գնում։

Հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *