Հուլիսի 3-ին Իրանը հրետակոծել է Իրաքյան Քրդստանի՝ երկրին սահմանակից Հաջի Օմարան շրջանը։ Հրետակոծության հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ և քրդական «Քոմալահ» խմբավորման 2 զինծառայող, կան նաև վիրավորներ։ Այս մասին հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը։
Իրանը հրետակոծել է այն շրջանները, որտեղ տեղակայված են եղել Իրանի ընդդիմադիր, քրդական «Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» (Hîzbî Dêmukratî Kurdistanî Êran, HDKA), «Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցություն» (Hizba Dêmokrata Kurdistanê-Îran, HDK), «Քոմալահ» զինված խմբավորումները։ Կրակը վարել են ինչպես հրետանիով, այնպես էլ գնդացիրներով։
Video of #Iran's #IRGC shelling Mount Halgord in southern #Kurdistan. #Twitterkurds #Rojhelat #Rasan #Peshmerga #PDKI pic.twitter.com/HsOlQdefTe
— PDKI (@PDKIenglish) July 3, 2017
Հրետակոծությունը սկսվել է առավոտյան ժամը 5-ին։ Տեղի կառավարման մարմինները Քրդստանի սահմանապահ ծառայության միջոցով փորձել են կապ հաստատել իրանցիների հետ և պահանջել դադարեցնել կրակը, սակայն Իրանը չի արձագանքել։
Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դատապարտել է Իրանի այս գործողությունը և իր բողոքն է հայտնել Էրբիլում Իրանի հյուպատոսին։ Փոխանցում է RadioFarda ռադիոկայանը։
Իրանը այս իրադարձությունը մեկնաբանել է միայն հուլիսի 5-ին։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ հրետակոծությունը պայմանավորված է եղել շուրջ 2 շաբաթ առաջ Իրանի Քուրդիթան նահանգում ահաբեկիչների հետ բախումների դեպքերով։
Այդ բախման ընթացքում 3 ահաբեկիչ սպանվել, ևս 1-ը ձերբակալվել էր։ Ըստ հրամաանատարի՝ հրետակոծվել է հենց այն շրջանը, որտեղից ահաբեկիչները մուտք էին գործել Իրան և որտեղ ահաբեկիչները նոր գործողություններ էին պլանավորում։ Փոխանցում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Թեհրանի ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել, որոց թվում ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են, այլև՝ քրդական ընդդիմադիր խմբավորումների զինյալներ։