ՀՀ կառավարությունը հուլիսի 6-ի նիստի ընթացքում հավանություն է տվել նախագծին, որով Հայաստանը միանում է «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին: Օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Նախագծով վավերացվում են խմբի անդամ երկրների՝ 2000 թվականի փետրվարի 11-ին ստորագրված համաձայնագրում խմբին՝ Հայաստանի միանալու հետ կապված լրացումները և փոփոխությունները:
Նշենք, որ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Խմբին միանալու համաձայնագիրը Հայաստանը ստորագրել է 2016-ի դեկտեմբերին:
2017-ի մարտին Հայաստան է այցելել «Պաշտպանական համակարգեր» խմբի պատվիրակությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի և ՀՀ ՊՆ տեղակալ–ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Նրանք նաև եղել էին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում:
Նշվում է, որ խմբի ստեղծման և զարգացման հիմնական նպատակը համարվում է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը ռազմական, երկակի և քաղաքացիական նշանակության արտադրանքի բարձր տեխնոլոգիական և մրցունակ նմուշների ստեղծման և արտադրման ուղղությամբ, ինչպես նաև նշված արտադրանքի գոյություն ունեցող նմուշների նորոգման և արդիականացման ուղղությամբ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) համար:
Կողմերը կազմակերպում են համաձայնագրի իրագործման ընթացքում գաղտնի տեղեկատվության փոխանցումը և օգտագործումը, և ապահովում են դրա պաշտպանությունը, այդ թվում` համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում:
Համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս կողմերից յուրաքանչյուրի պետության շահերի:
Մասնակից կազմակերպությունները պատասխանատվություն են կրում միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի գրանցման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան: