Հունիսի 23-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ահաբեկչական խումբ են վնասազերծել երկրի հյուսիսարևմտյան Քուրդիսթան նահանգում։ ԻՀՊԿ ուժերի հետ բախումների արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել մեկը։ Այս մասին է հայտնում է իրանական «Սեպահնյուզ» լրատվակայքը։
Ահաբեկիչներից առգրավվել է նաև զենք-զինամթերք։
Մինչ այդ երկրի ոստիկանական ուժերը Քուրդիսթանի Բանե քաղաքում ձերբակալել են քրդական «Փեժակ» խմբավորման մեկ զինյալի։ Զինյալից առգրավվել է «Կալաշնիկովի ավտոմատ», նռնակներ։ Հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի հյուսիսային Արևմտյան Ազարբայջան նահանգի տարբեր քաղաքներում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 40 զինյալ։
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։
Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է երկրի անվտանգության հսկողությունը։ Գործի դնելով իր բոլոր ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին: Հրթիռային հարվածներից, ըստ ԻՀՊԿ հայտարարության, սպանվել է 170-ից ավելի ահաբեկիչ։