Իրանը հրթիռներ է արձակել Պակիստանի՝ իրեն սահմանակից շրջանի ուղղությամբ

Իրանի արտգործնախարարի խոսնակ Բահրեմ Ղասեմին հաստատել է Պակիստանի ՊՆ հայտարարությունը այն մասին, որ հուլիսի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 3 հրթիռ է արձակել Պակիստանի Բելուջիստան նահանգի Փանջգուր շրջանի ուղղությամբ։ Տեղեկացնում է Իրանի ԱԳՆ կայքը։

«Ես հաստատում եմ։ Իրանա-պակիստանյան սահմանին երբեմն բախումներ են լինում։ Շուտով Պակիստանի հետ համատեղ հանձնաժողով կստեղծենք», — ասել է Ղասեմին։

Մինչ այդ  Պակիստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն 3 հրթիռ է արձակել Փանջգուր շրջանի ուղղությամբ։ Հրթիռներն ընկել են Փարումիի տարածքում։ Մարդկային կորուստներ չեն եղել։

Ավելի վաղ՝ հունիսի 21-ին, Պակիստանի ռազմաօդային ուժերի  PAC JF-17 Thunder կործանիչը  Փանջգուրի շրջանում իրանական անօդաչու թռչող սարք էր խոցել։

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված անջատողական, զինյալ խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։ 2017-ի ապրիլին «Ջեյշ ալ Ադլ»  խմբավորման հետ բախումների հետևանքով սպանվել է իրանցի 9 սահմանապահ։

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Իրանում «Ջեյշ ալ զոլմ» խմբավորումից առգրավված զենք-զինամթերքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *