Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 27 զինյալի են ձերբակալել։ Զինյալներից 17-ը ձերբակալվել են հենց Իրանի տարածքում, իսկ մնացած 10-ը՝ երկրի սահմաններից դուրս։ Այս մասին օգոստոսի 7-ին տեղեկացնում է Իրանի հետախուզության նախարարության պաշտոնական կայքը։
Իրանի հետախուզության նախարարության հայտարարության համաձայն՝ զինյալներից 5-ը նախապատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի տարբեր նահանգներում, իսկ մյուսները օժանդակել են նրանց։
Ահաբեկիչներից առգրավվել է նաև զենք-զինամթերք։
Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա․ սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Թեհրանի ահաբեկչկան հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։
Իրանը հսկողությունը խստացրել է հատկապես երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում, որտեղ գործում են քրդական, բելուջական ընդդիմադիր, զինյալ խմբավորումներ։ Այս շրջանակներում Իրանը նաև հարվածներ է հասցրել Իրաքի և Պակիստանի սահմանակից շրջաններին։ Հենց նշված շրջաններով են ահաբեկիչները ներթափանցում Իրան և հետ գնում։
Վերջին տարիներին Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։