Իրանի հրթիռակոծումից սպանվել է Սիրիայում «Իսլամական պետության» ավելի քան 170 զինյալ. ԻՀՊԿ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  (ԻՀՊԿ) նոր մանրամասներ է ներկայացրել հունիսի 18-ին Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի հրթիռակոծումից։ ԻՀՊԿ հաղորդած տվյալների համաձայն՝ հրթիռակոծումից սպանվել են ավելի քան 170 ԻՊ զինյալ՝ ներառյալ խմբավորման հրամանատարներ։Այս մասին հունիսի 21-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողությունը նաև նախօրոք համակարգվել է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ալի Խամենեիի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Հունիսի 18-ին Իրանը երկրի Քերմանշահ և Քուրդիստան նահանգներից 6 միավոր մակերևույթ-մակերևույթ դասի, միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ էր արձակել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ։ Հրթիռներն անցել են Իրաքի տարածքով և խոցել ԻՊ հրամանատարական կետը և զինանոցները։ Գործողությունը ստացել էր «Լայլաթ ալ ղադր» (Ճակատագրի գիշեր) անունը։

Իրանի գործողությունները համաձայնեցվել են  նաև Սիրիայի, Իրաքի, Ռուսաստանի հետ։

Ըստ ԻՀՊԿ-ի՝ Իրանի այս քայլը Թեհրանի ահաբեկչական հարձակումների պատասխանն էր, և այն զգուշացում էր ոչ միայն «Իսլամական պետության», այլև նրա տարածաշրջանային և արտատարածաշրջանային հովանավորների  համար։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Նշենք, որ Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Դեր Զորում ԻՊ դիրքերը

ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Դեր Զորում ԻՊ դիրքերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *