Նոյեմբերի 5-ին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։ Գործողությանը մասնակցում է շուրջ 30 հազար մարտիկ, մեծամասամբ՝ քրդեր, օդից աջակցելու է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան։ Այս մասին հայտնում է BBC լրատվակայքը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերից» Ռաքքայի ազատագրման գործողության մասնակիցներից 25 հազարը Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» անդամներ են (YPG), մնացածը՝ էթնիկ արաբական զորախմբեր։
Խմբավորումը հույս է հայտնել, որ «Թուրքիան չի խառնվի Սիրիայի ներքին գործերին»։
Նշենք, որ Թուրքիան քրդական YPG-ն համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Մասավորապես 2014-15 թվականներից սկսած թուրքական զինուժը հարվածում է Սիրիայի տարածքում նշված խմբավորման դիրքերին: Իսկ 2016-ի օգոստոսին Սիրիայի տարածք ներխուժելուց հետո, թուրքական զինուժը նաև ցամաքային ռազմական գործողությւոններ է իրականացնում քրդերի դեմ:
Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռաքքան գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջել էր գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերին: Թուրքիայի նախագահը վստահեցրել էր, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են տեղացի թուրքմենները։
Պահանջը պայմանավորված է թուրքական իշխանությունների մտավախությամբ, որ քրդական ուժերի ազդեցությունը Սիրիայի տարածքում էլ ավելի կաճի, ինչը ապագայում կարող է հանգեցնել Թուրքիայի սահմանի երկայնքով քրդական պետական կազմավորման ձևավորմանը:
Հոկտեմբերի 27-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ։
Իսկ երեկ՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպել էր Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին և նշել, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «մեծ աշխատանք են կատարում Սիրիայում ԻՊ-ին մեկուսացնելու ուղղությամբ, սահմանափակում են ԻՊ գրոհայինների տեղաշարժերը»:
Այսպիսով պարզ է դառնում, որ Թուքրիան դուրս է մնացել Ռաքքայի ազատագրման գործողությունից, իսկ վերջինիս նատօյական դաշնակից ԱՄՆ-ն ԻՊ «մայրաքաղաքի» ազատագրման համար համագործակցում է քրդերի հետ՝ ի հակառակ թուրքական կողմի պահանջների:
Նշենք, որ այս գործողությանը զուգահեռ Իրաքում ընթանում է երեք շաբաթ առաջ մեկնարկած Մոսուլի ազատագրման գործողությունը։ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան փորձում է կտրել ԻՊ սիրիական և իրաքյան ուժերի կապը։
Քաղաքը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ Հալեպից 160 կմ արևելք։ «Իսլամական պետությունը» քաղաքը գրավել է 2013 թվականի մարտին և ավելի ուշ այն հայտարարել իր մայրաքաղաքը։
Footage from the SDF/YPG operation to liberate #Raqqa from ISIS terrorists. pic.twitter.com/yYsgB7bKm8
— Afarin Mamosta (@AfarinMamosta) November 6, 2016
Pingback: Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է Սիրիայի հետ սահմանային շրջան | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում քննարկել է Սիրիայում ԻՊ դեմ պայքարը | Ռազմ.info