Վրաստանում վերականգնվում է պարտադիր զինծառայությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ իրենք մտադիր են վերականգնել Վրաստանի ԶՈւ պարտադիր զինծառայության զորակոչը և փոփոխություններ մտցնել զորակոչիկների պատրաստման գործընթացում: Այս մասին նոյեմբերի 7-ին հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը:

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Ըստ Իզորիայի` այս որոշումն ընդունվել է սպաների, ռազմական փորձագետների, արտասահմանցի գործընկերների հետ մի քանի ամիս խորհրդակցելուց հետո:

Փոփոխվելու է զորակոչիկների ուսուցման համակարգը.  նրանք պայմանագրային զինծառայողների համար նախատեսված 10 շաբաթանոց   մարտական պատրաստության  կուրս են անցնելու: Բարձրացվելու է նաև զորակոչիկի աշխատավարձը՝ մինչև ամիսը 50 լարի (մոտ 20 ԱՄՆ դոլար):

Հաջորդ զորակոչը նախատեսվում է 2017թ. գարնանը: Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության կընդգրկվեն երկրի 18-27 տարեկան  քաղաքացիները, զինծառայության ժամկետը 12 ամիս է:

«Մենք ենթակառուցվածքային կամ համակարգային խնդիրներ չունենք, մենք ուղղակի բարելավում ենք մարտական պատրաստությունը: Համապատասխան ծախսերը բյուջե են մտցվելու»,- հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիան:

Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի հրամանով 2016թ. հունիսի 27-ին հանվեց Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայությունը: Հրամանը չէր վերաբերում ՆԳՆ և այլ ուժային կառույցների զորակոչերին: Անհրաժեշտ մարտական պատրաստության բացակայությունը և  «զորակոչիկների ծառայության ստրկային պայմանները» պարտադիր զինվորական ծառայության դեմ Խիդաշելիի գլխավոր  փաստարկներից էր:

 

2 responses to “Վրաստանում վերականգնվում է պարտադիր զինծառայությունը

  1. Pingback: Վրաստանի պաշտպանական բյուջեն կկրճատվի. վրացի փորձագետ | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանցի ժամկետայինները 15-ի փոխարեն կծառայեն 12 ամիս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *