Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է Սիրիայի հետ սահմանային շրջան

Նոյեմբերի 7-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորությամբ այցելել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգ, ստուգայցեր կատարել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալության կայքը:

Գեներալ Աքարին ուղեկցել են ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոստանօղլուն, ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Մեթին Թեմելը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին հիմնականում քրդական զորաջոկատներից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել էր ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

Նոյեմբերի 6-ին, ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպել էր Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին և  նշել, որ հիմնականում քրդերից բաղկացած «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը «մեծ աշխատանք են կատարում Սիրիայում ԻՊ-ին մեկուսացնելու ուղղությամբ, սահմանափակում են ԻՊ գրոհայինների տեղաշարժերը»:

Սակայն թուրքական կողմը, որը 2016-ի օգոստոսի 24-ից ռազմական գործողություններ է վարում Սիրիայի տարածքում, այդ թվում՝ նույն քրդական ուժերի հետ, ցանկանում է իրեն հավատարիմ ուժերով ազատագրել Ռաքքան և մեծացնել իր ազդեցությունը Սիրիայում:

2 responses to “Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է Սիրիայի հետ սահմանային շրջան

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Իրաքի հետ սահմանային ստորաբաժանումներ | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է թուրք-սիրիական սահմանի ստորաբաժանումներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *