ԱՄՆ-ը և Թուրքիան սիրիական ապստամբների մարզումները կսկսեն 2015-ի մարտից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին փետրվարի 17-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են հասել սիրիական ընդդիմության մարզումների կազմակերպման և զինման հարցում ու մոտ ժամանակներս կկնքեն համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է բրիտանական BBC հեռուստառադիոընկերության կայքը։

Սիրիայում պատերազմող զինյալներ

Սիրիայում պատերազմող զինյալներ

Փսակին նշել է, որ Թուրքիան համաձայնել է մասնակցել «Իսլամական պետության» դեմ կռվող սիրիական «չափավոր ընդդիմության»` ԱՄՆ-ի կազմակերպած մարզման և զինման աշխատանքներին և տարածք տրամադրել մարզումներն անցկացնելու համար։

Ապստամբներին մարզելու ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ն ուղարկելու է 400 զինվորական։ Մարզումները սկսվելու են 2015-ի մարտից, իսկ 2015-ի ընթացքում նախատեսվում է մարզել 5000 սիրիական ապստամբի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան New York Times պարբերականը, հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ մարզումների ծրագիրը նախատեսված է անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, իսկ մարզումները  սկսվելու են 2015-ի մարտի վերջին և տևելու են 3 տարի: Ըստ New York Times-ի փոխանցած տվյալների՝  3 տարվա ընթացքում մարզվելու է 15000 սիրիացի՝ տարին 5000 հոգի։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի համաձայնության հասնելու մասին 2015-ի փետրվարի 17-ին հայտարարել է նաև Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա ևս նշել է, որ մոտ օրերս երկու երկրները պայմանագիր կստորագրեն։