ԱՄՆ-ն և Թուրքիան 2015-ի փետրվարի 19-ին ստորագրել են Սիրիայում կռվող մի շարք խմբավորումների զինյալների մարզման կազմակերպման և ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր։ Մարզումներն ավարտելուց հետո զինյալները պայքարելու են Սիրիայի նախագահ Ասադին հավատարիմ զորքերի և «Իսլամական պետության» զինյալների դեմ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Համաձայնագիրը փետրվարի 19-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարարության շենքում ստորագրել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մարզումների ծրագրում ընդգրկվելիք սիրիական ապստամբական զորամիավորումները հետագայում պետք է պայքարեն Ասադի վարչակարգի, «Իսլամական պետության» և Սիրիայի տարածքում գործող այլ ահաբեկչական խմբավորոմների դեմ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին փետրվարի 17-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են եկել սիրիական ընդդիմության մարզումների կազմակերպման և զինման հարցում ու մոտ ժամանակներս կկնքեն համաձայնագիրը։
Մարզումները, որոնք նախատեսված են անցկացնել Թուրքիայում, Հորդանանում և Սաուդյան Արաբիայում, տևելու են շուրջ 3 տարի: Դրանց իրականացման համար վերոնշյալ երկրներ են ժամանելու նաև սահմանափակ թվով ամերիկացի զինվորականներ: Թուրքիան այս ծրագրի շրջանակներում պատրաստ է հյուրընկալել 100 ամերիկացի զինվորականի և Սիրիայում կռվող տարեկան 500-2000 զինյալի:
Հավելենք նաև, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում փետրվարի 17-ին կայացել էր անվտանգությանն ու հակաահաբեկչական պայքարին նվիրված համաժողով, որին մասնակցում էին նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը և ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարթին Դեմփսին: Համաժողովի ժամանակ ևս քննարկվել էր սիրիական ապստամբների մարզումների ծրագիրը։
Pingback: Թուրքիայում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը | Ռազմ.info