ԱՄՆ-ի մարզումների շրջանակներում Թուրքիայում վերապատրաստված սիրիացի ապստամբների հերթական խումբը (75 հոգի) սեպտեմբերի 18 լույս 19-ի գիշերը մտել է Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգ։
Այս մասին հայտնում է Reuters բրիատանական լրատվական գորածակությունը՝ հղում անելով բրիտանական «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խումբ» (Syrian Observatory for Human Rights) ՀԿ-ի ղեկավար Ռամի Աբդուլրահմանի՝ սեպտեմբերի 20-ին տարածած հայտարարությանը։
Վերջինիս խոսքերով՝ մարզված ու ավտոմատներով զինված ապստամբները թուրք-սիրիական սահմանը հատել են 19 մեքենայով։
AFP-ի փոխանցմամբ՝ վերջիններս Սիրիա են մտել Բաբ աթ-Սալամա անցակետից։ Նշվում է, որ նոր խումբը համալրելու է «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման «30-րդ դիվիզիան»։
Նշենք, որ այս նույն դիվիզիային էր միացել նաև ԱՄՆ մարզումներն անցած ապստամբների առաջին խումբը, որը հուլիսի 31-ին տապալվեց «Ալ Քաիդայի»՝ Սիրիայում գործող մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախման ժամանակ։ Վերջիններիս վերաբերյալ զեկույցում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը սեպտեմբերի 16-ին Սենատում նշել է, որ մարզումներ անցած ապստամբներից շարքում մնացել է ընդամենը 4 կամ 5 հոգի, ինչը շատ քիչ է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մարզումերի ծրագրում մարզված ապստամբները հիմնականում կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմաերպության դեմ, ու վերջիններիս օդային պաշտպանությունն ապահովելու համար ներկայումս ռազմական գործողություն են իրականացնում ԱՄՆ ռազմաօդային ուժերը։
Ավելացնենք, որ մարզումները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ մարզումների վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ բուն մարզումները նախատեսված էին մեկնարկել դեռ 2015թ. մարտին, սակայն չնայած նախնական ժամանակացույցին՝ Թուրքիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից անցկացվող սիրիական զինյալ խմբավորումների «մարզում-սպառազինում» ծրագիրը մեկնարկել է միայն մայիսի 28-ին։