ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մայիսի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները՝ երկար նախապատրաստություններից հետո սկսել են Հորդանանում սիրիացի ապստամբների մարզումները։ Ըստ նախարարի՝ դրանք մասնակցելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններին: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Իր հերթին Հորդանանի կառավարության խոսնակը հայտնել է, որ մարզումները սկսվել են «մի քանի օր առաջ»:
Մարզվողների առաջին՝ փորձնական խմբում ընդգրկված է 90 սիրիացի ապստամբ: Ծրագիրը շարունակվելու է 3 տարի, և այդ ընթացքում նախատեսվում է մարզել և զինել 15000 հոգու: Հավանաբար զինյալներին նույնիսկ կվարձատրեն ԻՊ դեմ կռվելու դիմաց. նախատեսված է նաև այլ աջակցություն, որի բնույթը դեռ հստակեցված չէ: Այս մասին հայտնել Քարթերը:
Հղում անելով իր ամերիկյան և արաբական աղբյուրներին՝ Reuters-ը հայտնում է, որ առաջիկա օրերին սիրիացի զինյալների մարզումներ կսկսվեն նաև Թուրքիայում:
Հատկանշական է, որ և´ սիրիացի ընդդիմադիրների մի մասը, և´ ամերիկացի մի շարք կոնգրեսականներ դժգոհ են ծրագրից՝ այն համարելով շատ փոքր և դանդաղ զարգացող: Այս մարզումների վերաբերյալ բանակցությունները հյուրընկալող պետությունների (Թուրքիա, Հորդանան և Սաուդյան Արաբիա) հետ սկսվել են դեռևս 2014-ի նոյեմբերից, իսկ մարզումները նախատեսված էր մեկնարկել դեռ մարտին:
Այնուամենայնիվ, նշենք, որ սա ևս մեկ քայլ է, որով ԱՄՆ-ը մեծացնում է իր դերը սիրիական ճգնաժամի գործընթացներում:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության, ինչպես նաև նրա դեմ պայքարող ընդդիմադիր որոշ խմբերի դեմ մի քանի ճակատով ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները վերջին տարիներին մեծ իրարանցում առաջացրին Մերձավոր Արևելքում, երբ 2014 թ. հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիսարևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների և շիա մահմեդականների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։
Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ պայքարող ուժերին։
Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեցին քարոզել, թե իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։
2014 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ը գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ սկսեց հասցնել նաև Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ ԻՊ զինյալների պաշարած և Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքի դիրքերին: