ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հասցրել է 18 ավիահարված, որոնցից 14-ը՝ Իրաքում, 4-ը՝ Սիրիայում: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՊ դեմ պայքարող Համատեղ միացյալ նպատակային ուժերին (Combined Joint Task Force):
Սիրիայում հարվածները հասցրել են երկրի հյուսիսարևելյան Ալ-Հասաքահ քաղաքում՝ կիրառելով հարձակվողական ինքնաթիռներ և կործանիչներ: Իրաքում ավիահարվածներ են իրականացվել նավթային պաշարներով հարուս և ռազմավարական նշանակություն ունեցող Քիրքուքի, Մոսուլի, Սինջարի շրջաններում, ինչպես նաև Թալ Աֆարում, Ալ Հավայջահում, Բայջիում և Ֆալլուջահում:
Բոլոր ավիահարվածները իրականացվել են մայիսի 6-ին և 7-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի նկատմամբ։
Ներկայումս ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ակտիվորեն պատրաստվում է Մոսուլի՝ ահաբեկիչներից ազատագրման գործողությանը: