Ժամկետային զինծառայությունից խուսափելուն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ԱԱԾ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերի հիման վրա, փետրվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորականկամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության դեպքերի առթիվ, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ և ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ձերբակալվել է 5 անձ։

Նրանք են ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ալեքսանդր Այվազյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, Նոր-Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը, զորակոչիկ Սամվել Վերդիյանը։

Մասնավորապես՝ Ա. Այվազյանին կասկածում են խոշոր չափերով, Ք.Ջամալյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ա.Հարությունյանին՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Ա.Բաբայանին՝ կաշառքի միջնորդության և փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու, Ս.Վերդյանին՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *