ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները

Փետրվարի 2-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Ռազմինֆոն զորավարժության վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Ստորև ներկայացնում ենք գերատեսչությունից ստացված պատասխանն առանց խմբագրման.

Ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվության համաձայն, ս.թ. փետրվարի 2-ից Ադրբեջանում մեկնարկել են խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ ԶՈւ բոլոր զորատեսակների ներգրավմամբ: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, զորավարժությունը ղեկավարում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ Ն.Սադիկովը: Զորավարժություններին ներգրավված են 15.000 անձնակազմ, մոտ 300 ԶՄՄ /տանկ և ՀՄՄ/, մոտ 200 հրթիռային և հրետանային կայանք, 20 միավոր ավիացիա, ինչպես նաև ՀՕՊ և այլ միջոցներ: Զորահավաքային կարողությունները ստուգելու համար զորավարժություններին ներգրավվել են նաև 5000 պահեստազորայիններ և 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

Համաձայն Վիեննայի 2011թ.փաստաթղթի լրամշակմանն ուղղված «Խոշոր ռազմական գործունեության նախնական ծանուցման մասին» խորագրով ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության վեհաժողովի թիվ 9/12 որոշման, որն ուժի մեջ է մտել 2012 հոկտեմբերի 17-ին, Վիեննայի 2011թ. փաստաթուղթն ստորագրած պետությունների կողմից յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 15-ը նախատեսվում է.

1. F30 ձևաչափի ծանուցագրով մասնակից երկիրը պետք է ծանուցի մյուս բոլոր մասնակից երկրներին փաստաթղթի թիվ 40.1.1. պարբերությամբ սահմանված շեմերը չգերազանցող մինչև 9.000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-եր կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակային հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100մմ և ավելի տրամաչափի) որևէ մեկ զորավարժության մասին` բոլոր զորատեսակների մասնակցությամբ:

2. F32 ձևաչափի ծանուցագրով մասնակից երկիրը պետք է ծանուցի մյուս բոլոր մասնակից երկրներին փաստաթղթի 68 պարբերությամբ սահմանված շեմերը չգերազանցող 40.000-ից ավելի մարդ, 900-ից ավելի տանկ, կամ 2000ՄԶՄ կամ 900 ինքնագնաց կամ քարշակային հրետանի, ականանետեր և համազարկային կրակի հրետանային համակարգեր (մինչև 100 մմ և ավելի) որևէ մեկ զորավարժության մասին, որը պլանավորել է անցկացնել կամ ընդունել իր տարածքում:

Ավելի ուշ համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի 46, 46.1 և 46.2 կետերի մասնակից երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն F30 ձևաչափի ծանուցագրով ծանուցել հաջորդող տարվա ընթացքում պլանավորված ամենամեծ զորավարժության մասին` անկախ սահմանված շեմերի սահմանափակման:

ԱՀ կողմից իրականացվող զորավարժությունը լիովին համապատասխանում է վերոնշյալ չափորոշիչներին և ադրբեջանական կողմը պարտավոր էր տեղեկացնել ՎՓ-11 մասնակից պետություններին մինչև 2014թ. նոյեմբերի 15-ը: Եթե նույնիսկ այն պլանավորվել է ավելի ուշ, մասնավորապես 2015-ի հունվարին, ԱՀ-ն պարտավոր էր տեղեկացնել այդ մասին հնարավորինս շուտ, ինչպես դա արվեց ՀՀ կողմից Ֆ-30 ծանուցագրով 2014թ. նոյեմբերի 7-ն (ՎՓ-11, գլուխ 7, 66 պարբերություն):

4 responses to “ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները

  1. Pingback: Զաքիր Հասանվը խորհրդակցություն է անցկացրել զորավաժության անցկացման վայրում | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանում ամփոփել են զորավարժության արդյունքները | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. ՊՆ | CIVILNET

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *