[Լրացված] Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքում 2015-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 6 և վիրավորման 6 դեպք։

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Պետք է նշել, որ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, ինչի հետևանքով բավական դժվար է դառնում իրական պատկերի մասին պատկերացում կազմելը։

Նշենք, որ առաջնագծում բավական լարված հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը, ամենայն հավանականությամբ, ունեցել է շատ ավելի մեծ թվով կորուստներ, քան հաստատել է պաշտոնապես, սակայն Ռազմինֆոն ամսական ամփոփման մեջ ներառել է միայն այն կորուստները, որոնց անունները հայտնի են։

Կորուստներ

Հունվարի 6-ին պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, ինչի արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է կորուստներ։ Հաղորդագրությունում նշվում էր նրանցից մեկի ՝ 703-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայող, ենթասպա Էլդար Մամեդովի անունը։

Հունվարի 23-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով մահացել է զինված ուժերի պայմանագրային զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն։ Նշենք, սակայն, որ Բաբաշովի հուղարկավորության լուսանկարներում երևում էր՝ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը խիստ տարօրինակ է զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտման հետևանքով զոհված զինծառայողին հուղարկավորելու պարագայում։ Հավանաբար, զինծառայողը սպանվել է մարտական պայմաններում՝ հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում։

Հունվարի 26-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հայկական կողմի հետ մարտերում զոհվել են զինված ուժերի 3 զինծառայող՝ չնշելով նրանց անունները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հավելում մտցնելով այս տեղեկությունում, նշեցին ոչ միայն նրանց անունները, այլև հայտնեցին, որ նրանք սպանվել են հայկական կողմի վարած ականանետային կրակի հետևանքով՝ Գեդաբեկի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում։ Սպանված զինծառայողներն են շարքային Էլշան Էֆենդիեևը, ենթասպա Սանան Իսաևը և Վուգար Գասիմովը, ում կոչումը հայտնի չէ։

Հունվարի 31-ին Պաշտպանության բանակը հայտնեց, որ հակառակորդի ականանետային նախահարձակ գործողություններին ի պատասխան իրականցրել է պատժիչ գործողություն, ինչի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մարդատար 1 ավտոմեքենա։ Նշվում էր նաև հակառակորդի չեզոքացված կենդանի ուժի մասին։ Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում՝ Խոջավենդի (Մարտունի) շրջանում, հայկական կողմի արձակած գնդակից սպանվել է զինծառայող Ալլահվերդիև Էշգին Ռահիմ օղլուն։

Վիրավորներ

Հունվարի 6-ին արդբեջանական լրատվամիջոցները նշեցին, որ շփման գծի Աղդամի հատվածում ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող, ենթասպա Մամմեդով Շամո Ահմադ օղլուն, ով կորցրել է ոտքը։ Տեղեկությունն ավելի ուշ հաստատեց Ադրբեջանի ՊՆ-ն։

Հունվարի 26-ին Գեդաբեկում արձանագրված վերոնշյալ միջադեպի հետևանքով, որի ընթացքում ադրբեջանական կողմը տվեց առնվազն 3 սպանված, վիրավորվել է նաև 2 զինծառայող՝ կապիտան Իլգար Ասադովը և ենթասպա Անար Ալիևը։

Հունվարի 28-ին հայտնի դարձավ, որ Թովուզի շրջանի Օյսյուզլյու գյուղում գրանցվել է ավտովթար, որի հետևանքով ծանր վիրավորվել են զինված ուժերի զինծառայողներ Օրխան Գուլուզադեն և Թուրալ Ահլիմանլին։ Նրանց տեղափոխել են Թովուզի շրջանի կենտրոնական բուժհաստատություն։

Լրացում

Փետրվարի 3-ին ադրբեջանական Azadliq պարբերականը հրապարակել է զինված ուժերում ժամկետային ծառայություն անցնող Չինգիզ Թարվերդիևի հոր հետ հարցազրույցը, որում վերջինս հայտնել է՝ իր որդու հրամանատարը (կոչումով գնդապետ) հունվարի 26-ին հրազենային վնասվածք է հասցրել Չինգիզին գլխի շրջանում, ինչի հետևանքով վերջինս արդեն մի քանի օր է, ինչ Գյանջայի (Գանձակ) հոսպիտալում է՝ անգիտակից վիճակում։

 

Հայկական բանակի կորուստներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *