Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 փետրվարի, 2015

«Վիեննայի փաստաթղթի» դրույթների խախտումով Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել • Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է զինծառայողին՝ զանգվածային սպանությունը կանխելու համար • Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել • Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին • Ադրբեջանում նորակառույց զորամաս է բացվել

Զաքիր Հասանովը զորավարժության խորհրդակցությունում

Զաքիր Հասանովը զորավարժության խորհրդակցությունում

• Փետրվարի 2-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որում ներգրավված է շուրջ 15 հազարանոց ակտիվ անձնակազմ և 5 հազարանոց պահեստազոր, շուրջ 300 միավոր զրահատեխնիկա և այլն։ Փետրվարի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել  զորավարժությանը մասնակցող բարձր սպայակազմի հետ։

Զորավարժության վերաբերյալ Ռազմինֆոն մեկնաբանություն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից, որում ասվում է, որ Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները` զորավարժության մասին նախապես չտեղեկացնելով փաստաթուղթը ստորագրած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

• Ադրբեջանի բանակում գնդապետը կրակել է ենթակա զինծառայողի վրա, որպեսզի վերջինս կրակ չբացի համածառայակիցների ուղղությամբ ու չսպանի շատերին։

• Փետրվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ փետրվարի 5-ին առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, շարքային Ֆերիդ Ռյուֆեթ օղլու Աղաևը։

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

• 2015-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 6 և վիրավորման 6 դեպք։ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը։ Առաջնագծում բավական լարված հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժը, ամենայն հավանականությամբ, ունեցել է շատ ավելի մեծ թվով կորուստներ, քան հաստատել է պաշտոնապես։

• Փետրվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը առաջնագծում մասնակացել է նոր կառուցված զորամասի բացման արարողությանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *