Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում

Իսպանական հակաօդային պաշտպանության 5 Patriot համակարգերից կազմված մարտկոցը հունվարի 26-ին Ադանայի օդանավակայանում՝ «Ինջիջլիքի» ռազմաբազայում, պաշտոնական արարողությամբ ստանձնել է թուրք-սիրիական սահմանի իրեն վստահված հատվածի հսկողությունը։

ՀՕՊ համակարգը՝ տեղակայված Թուրքիայի սահմանին

Գերմանական Patriot ՀՕՊ համակարգը՝ տեղակայված Թուրքիայի սահմանին

Իսպանական համակարգերը և իսպանացի զինվորներից կազմված սպասրկող անձնակազմը տեղակայվել են Ինջիրլիքի 10-րդ տանկային ռազմաբազայում։ Իսպանական մարտկոցի հրամանատարը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերի մարտկոցը սպասարկելու է 150 իսպանական զինվոր, իսկ համակարգը առնվազն մեկ տարի մնալու է Թուրքիայում։

Նշենք, որ իսպանական համակարգերը փոխարինել են երկու տարի Թուրքիայում ծառայություն իրականացրած Նիդեռլանդական համակարգերին։ Իր համակարգերը Թուրքիայից վերանորոգման նպատակով հանելու և դրանք իսպանական համակարգրով փոխարինելու մասին Իսպանիան հայտարարել էր դեռևս 2014-ի նոյեմբերին։

Հիշեցնենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց՝ երկրի օդային տարածքը Սիրիայի օդուժից պաշտպանելու համար։ Թուրքիան 2011թ. վերջին Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին, որից հետո 2013թ. հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները 2-ական մարտկոց էին բացազատել թուրք-սիրիական սահմանին: 2013թ. վերջին Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է: Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու առանձին թույլտվություններ էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները:

Նշենք, որ Թուրքիայի զինուժը ներկայում չունի հեռահար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգեր, ինչի պատճառով էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։

Ամերիկյան Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։

Համակարգերի MIM-104 հրթիռներն ունեն 410 մմ տրամաչափ ու 5,3 մետր երկարությունը։ Հրթիռի զանգվածը 912 կգ է, մարտական մասի զանգվածը՝ 91 կգ։ Հրթիռների խոցման առավելագույն հեռավորությունը 80 կմ է, բարձրությունը՝ 24 կմ։ Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։

3 responses to “Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ-ն և Գերմանիան դուրս են բերում իրենց Patriot համակարգերը Թուրքիայից | Ռազմ.info

  3. Pingback: ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգերը դուրս են բերվել Թուրքիայից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *