Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից գյուղում զինվորականների հետ բախումների հետևանքով սպանվել է մեկ գյուղացի

Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Սամանլը քրդական գյուղում զինվորականների հետ բախումների ժամանակ վերջիններիս կրակոցից հունվարի 26-ին սպանվել  է մի 25-ամյա գյուղացի։ Այս մասին հայտնում է թուրքական «Բիանեթ» կայքը:

Լուսանկար սահմանամերձ գյուղում սպանված երիտասարդի հուղարկավորությունից

Լուսանկար սահմանամերձ գյուղում սպանված երիտասարդի հուղարկավորությունից

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Հաքքարիի նահանգապետարանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ 2015-ի հունվարի 26-ին թուրքական սահմանապահ զորախումբը գյուղի մոտակայքում հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով Թուրքիա ներթափանցած 15 մարդ ու 15 ավանակ, հետապնդել է նրանց, սակայն խմբին հաջողվել է հետ գնալ Իրաք։ Դեպքից հետո Սամանլը գյուղում հավաքվել է 100-150 գյուղացի։ Նրանք սկսել են քար նետել զինվորների ուղղությամբ, հետո սկսել են նաև զենք կիրառել։ Բախումների ընթացքում զինվորականների արձակած կրակոցից վիրավորվել և մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է 1989 թվականին ծնված Նեջդեթ Յամանը։

Զոհված գյուղացու հայրը նշել է, որ մաքսանենգների դեմ պայքարի պատրվակով զինվորականներն առանց համաձայնություն ստանալու ցանկանում են խլել գյուղի հողերը՝ պնդելով, որ ցանկանում են այնտեղ խրամատներ փորել։ Նա նշել է, որ իրենք ընդամենը ցանկանում են պաշտպանել  իրենց 300 հոգանոց գյուղը և թույլ չտալ, որ զինվորականներն այն ամայացնեն։

Նրա խոսքերի համաձայն՝ զինվորականներն ամեն օր մտնում են իրենց տները և անհանգստացնում, ստիպում են, որ հեռանան իրենց տներից ու լքեն գյուղը։ Իսկ նահանգապետարանի հայտարարությունը Յամանի հայրը որակել է իբրև ապատեղեկատվություն՝ նշելով, որ ոչ մի մաքսանենգության դեմ պայքարի խնդիր չի եղել, իսկ բախումները եղել են գյուղը լքելու հերթական պահանջներից հետո։ Զինվորականներն առաջինն են սկսել բռնություն և զենք գործադրել, իսկ գյուղացիներն ընդամենը ստտիպված են եղել պաշտպանել իրենց և իրենց գյուղը։

Նա ավելացրել է, որ ինքը հետամուտ է լինելու, որ իր որդուն սպանած և սպանելու հրամանը տված զինվորականները կրեն իրենց արժանի պատիժը։

Երիտասարդի հուղարկավորությանը մասնակցած «Քրդական ժողովրդավարական մշակույթի և խորհրդատվության միության» (KURDÎ-DER) նախագահ  Համզան Արսլանն իր ելույթում նշել է, որ կատարվածի պատասխանատվությունը կրում են Թուրքիայի ղեկավարները։ Նրանք միշտ էլ իմացել են, որ Իրաքյան Քրդստանին սահմանակից գյուղերի բնակիչները այցելում են սահմանից այն կողմ մնացած հարազատներին և հակառակը, սակայն ժամանակ առ ժամանակ շահադիտական նկատառումներով իշխանությունները ներկայացնում են իբրև մաքսանենգություն և ձերբակալում կամ սպանում են խաղաղ բնակիչների։

Արսլանը նշել է, որ հատկապես վերջին ժամանակներս, երբ Իրաքյան Քրդստանը ավելի է հզորացել և սեփական պետություն հիմնելու ճանապարհին է, Թուրքիան ցանկանում է սահման ստեղծել վերջինիս հետ ու ամրացնել այն ու դա անում է սահմանամերձ գյուղացիների հանդեպ բռնությունների գործադրման, նրանց հողակտորների զավթման միջոցով։

One response to “Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից գյուղում զինվորականների հետ բախումների հետևանքով սպանվել է մեկ գյուղացի

  1. Pingback: Քրդաբնակ գյուղում հարձակվել են զինծառայողների վրա. կա մեկ ծանր վիրավոր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *