Հայկական զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հրամանատարության ներքո գտնվող բանակային 3-րդ զորամիավորումը պատասխանատու է հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզին հարող հատվածի պահպապանության համար։
Կենսագրական տվյալներ
Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970-ին՝ Իջևան քաղաքում։ 1988-1990թթ ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև ընդգրկվել Իջևանի ինքնապաշտպանական «Սարոյի ջոկատում»: 1993-ից անցել է ծառայության ՀՀ զինված ուժերում, զբաղեցրել է Իջևանում տեղակայված գնդի՝ գումարտակի հրամանատարի տեղակալի, հետախուզության պետի, հրամանատարի՝ մարտական գծով տեղակալի, իսկ այնուհետև՝ գնդի հրամանատարի պաշտոնները:
Վերապատրաստվել է Ֆրունզեի անվան ՌԴ բարձրագույն սպայական ուսումնարանում, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում, որտեղ ցուցաբերել է գերազանց առաջադիմություն:
2010 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ։ Նախագահի՝ 2012-ի ապրիլի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:
Գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնում ծառայության տարիներին՝ հետախուզական առաջադրանքով թշնամու թիկունք անցնելիս, ծանր վիրավորվել է ոտքի շրջանում՝ հակահետևակային ականի պայթյունից:
Պարգևատրվել է նաև ՀՀ Արիության մեդալով։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info