Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015

Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՊՆ կից կոլեգիայի նիստին • Մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանն ամփոփել է 2014 թվականը • ՊԲ-ն հակառակորդի երկու մարտական դիրք է շարքից հանել • Զինծառայողին գտել են կախված վիճակում, կան ձերբակալվածներ • Ադրբեջանական կողմը կրակել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ • ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձին պարգևատրվել են զինծառայողներ, ազատամարտիկներ • ՀՀ ՊՆ 3-րդ ԲԿ հրամանատարին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում • ՊԲ հրամանատարը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

ՀՀ նախագահը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

• Հունվարի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, որի ժամանակ հայտարարել է․ «Մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

• Հունվարի 27-ին ՊՆ Սեյրան Օհանյանը ասուլիս է հրավիրել, որտեղ ամփոփել է 2014 թվականը։ «Եթե հակառակորդը մտածում է, որ մենք պահպանելու ենք ստատիկ կարմիր գիծը հանուն հրադադարի, ապա նա սխալվում է: Մենք այսօր պատրաստ ենք ցանկացած գործողությունների և մենք շփման գիծը և նաև հակառակորդի տարածքը մոտակա խորության մեջ անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի»,— ասել է Սեյրան Օհանյանը ասուլիսի ընթացքում:

Ասուլիսի ընթացքում անդրադառնալով ռազարդյունաբերության ոլորտի խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը ոլորտի զարգացման համար օգտագործում է ոչ միայն տեղական ձեռնարկությունները, այլև օտարերկրա ընկերությունների հետ ստեղծում է համատեղ ձեռնարկություններ:

Միջազգային համագործակցությանն անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումները 2014 թվականի ընթացքում շարունակել են առանց պատահարների ու կորուստների ծառայել խաղաղապահ երեք առաքելությունների կազմում, ինչպես նաև մասնակցել են 8 միջազգային զորավարժությունների։

2014-ի նոյեմբերի 12-ին ՀՀ ԶՈւ ուղղաթիռի խոցման դեպքի վերաբերյալ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունում անցկացվել է ծառայողական քննություն, մեղավորները տույժ են ստացել, պաշտոնանկություներ են եղել, ընթացքի մեջ է նաև հարուցված քրեական գործը:

• Հունվարի 31-ին Պաշտպանության բանակը դիմել է պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր։

ՊԲ հրամանատարը զորավարժության ընթացքին ծանոթանալիս

ՊԲ հրամանատարը զորավարժության ընթացքին ծանոթանալիս

• Հունվարի 29-ին Երևանի ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա 4 համածառայակիցներ։ Հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել զորամասում ու հավաստիացրել, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։

• Հունվարի 29-ին հակառակորդը դիվերսիայի փորձ է արել Տավուշում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական խումբը կրակել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Դիվերսիայի պատճառով վիրավորվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ, ովքեր նույն օրը ստացել են բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

• Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար նախագահի հրամանագրով պարգևատրվել է 177 մարդ, որոնց թվում զինծառայողներ, ազատամարտիկներ։ Հետմահու պարգևատրվել է 11 զինծառայող։

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան

Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյան

• Հայկական զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Վիկտորի Գասպարյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Իսկ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի Հակոբյանը բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *