ԱՄՆ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր F-35 կործանիչների թռիչքները

ԱՄՆ զինված ուժերից հաստատել են, որ ժամանակավորապես կասեցրել են F-35 կործանիչների թռիչքները: Նման քայլի պատճառը հունիսի 23-ին Ֆլորիդային Էգլին ռազմակայանում թռիչքի պատրաստվող այս կործանիչի շարժիչի այրումն է:

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար, փոխծովակալ Ջոն Քիրբիի խոսքերին, միջադեպի հետաքննությունը շարունակվում է: Քիրբին նաև շեշտել է՝ համապատասխան մարմինները F-35-ի շարժիչների հավելյալ տեսչական ստուգումներ են իրականացնում, ուստի թռիչքները վերականգնելու որոշումը կայացվելու է սույն ստուգումների արդյունքների և դրանց վերլուծության հիման վրա: Նկատենք, որ այս կործանիչների շարժիչների արտադրողը Pratt & Whitney ընկերությունն է:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Պենտագոնն ընդգծել է՝ այնուհանդերձ կործանիչների՝ Մեծ Բրիտանիայում ընթացող միջազգային ավիացուցադրությանը մասնակցելուն ուղղված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դադարեցրել է F-35A՝ թվով 26 կործանիչների թռիչքներն այն բանից հետո, երբ հունիսի 23-ին Էգլին ռազմաբազայում ուսումնական թռիչքին պատրաստվելիս հրդեհ էր բռնկվել ինքնաթիռներից մեկի վրա։

Նշենք, որ հրդեհված ինքնաթիռը կցված էր ռազմաօդային ուժերի 33-րդ ուսումնական ավիագնդին։ Այս միջադեպը հերթական անգամ ստվեր գցեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչի հեղինակության վրա, քանի որ հակառակ աղմուկ բարձրացրած հայտարարություններին, F-35 –ի վրա ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս թերություններ:

Նկատենք, որ սա 2014-ի ամառվա ընթացքում այս ինքնաթիռի հետ կապված արդեն երկրորդ լուրջ պատահարն է։ Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ F-35B կործանիչի վրա գրանցվել էր յուղի արտահոսք, ինչի հետևանքով Պենտագոնը կարգադրել էր լրացուցիչ ստուգումներ անցկացնել «B» մոդիֆիկացիայի բոլոր կործանիչների վրա։

2014-ի մարտին էլ պարզվեց, որ F-35B կործանիչների շարժիչի բաղկացուցիչներից մեկում առկա է կառուցվածքային թերություն, որի շտկման համար առաջացավ շարժիչի որոշ մասերի վերանախագծման անհրաժեշտություն։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվեր ի թիվս այլ երկրների ներկայացրել է նաև Թուրքիան։

One response to “ԱՄՆ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր F-35 կործանիչների թռիչքները

  1. Pingback: Պենտագոնը դադարեցրել է F-35 կործանիչների գնման գործընթացը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *