F-35 կործանիչի վրա հրդեհ է բռնկվել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դադարեցրել է հինգերորդ սերնդի ամերիկյան F-35A՝ թվով 26 կործանիչների թռիչքներն այն բանից հետո, երբ հունիսի 23-ին Էգլին ռազմաբազայում ուսումնական թռիչքին պատրաստվելիս հրդեհ է բռնկվել ինքնաթիռներից մեկի վրա։ Այս մասին հայտնումէ Jane’s ռազմական հանդեսը։

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Կործանիչն արդեն եղել է թռիչքուղու վրա ու հավաքել արագություն, երբ շարժիչի հատվածում բռնկվել է հրդեհ։ Օդաչուն անմիջապես կանգնեցրել է ինքնաթիռն, իսկ ռազմաբազայի վթարային ծառայությունները հանգցրել են կրակը։

Պենտագոնում նշում են, որ հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, այդ ուղղությամբ այժմ տարվում է հետաքննություն։ Չի հաղորդվում նաև, թե ինչ աստիճան է վնասվել կործանիչը։ Պաշտոնական տեղեկատվության բացակայությունը պարարտ հող է ստեղծել այլ վարկածների տարածման համար, համաձայն որոնց, հրդեհի հետևանքով կործանիչն այլևս պիտանի չէ շահագործման համար։

Նշենք, որ հրդեհված ինքնաթիռը կցված էր ռազմաօդային ուժերի 33-րդ ուսումնական ավիագնդին։ Այս միջադեպը հերթական անգամ ստվեր գցեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչի հեղինակության վրա, քանի որ հակառակ աղմուկ բարձրացրած հայտարարություններին, F-35 –ի վրա ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս թերություններ, որոնք վկայում են, որ կործանիչը դեռևս կատարյալ չէ և ունի վերանայման կարիք։

Հիշեցնենք, որ սա հունիս ամսվա ընթացքում այս ինքնաթիռի հետ կապված արդեն երկրորդ լուրջ պատահարն է։ Վերջերս հայտնի էր դարձել նաև, որ ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ F-35B կործանիչի վրա գրանցվել էր յուղի արտահոսք, ինչի հետևանքով Պենտագոնը կարգադրել էր լրացուցիչ ստուգումներ անցկացնել «B» մոդիֆիկացիայի բոլոր կործանիչների վրա։

Աղմուկ բարձրացրած թերություններից մեկի մասին էլ հայտնի դարձավ 2014-ի մարտին, երբ պարզվեց, որ F-35B կործանիչների շարժիչի բաղկացուցիչներից մեկում առկա է կառուցվածքային թերություն, որի շտկման համար առաջացավ շարժիչի որոշ մասերի վերանախագծման անհրաժեշտություն։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվեր ի թիվս այլ երկրների ներկայացրել է նաև Թուրքիան։