Պենտագոնը դադարեցրել է F-35 կործանիչների գնման գործընթացը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հերթական խմբաքանակի ձեռքբերումը դրանք նախագծած Lockheed Martin ընկերությունից։ Պատճառը 2014-ի հունիսի 23-ին գրանցված միջադեպն է, երբ ուսոմնական թռիչքներից մեկի ժամանակ բռնկվեց F-35A կործանիչի շարժիչը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

F-35A կործանիչներ

F-35A կործանիչներ

Պենտագոնում նշում են, որ բանակցությունները կվերականգնվեն միայն այն ժամանակ, երբ հետաքննող հանձնաժողովը կվերհանի գրանցված վթարի բոլոր պատճառները։

Վերոնշյալ հանձնաժողովը ներկայումս հանգամանորեն ստուգում է նաև ԱՄՆ բանակին արդեն իսկ մատակարարված F-35 կործանիչների շարժիչներն ու մյուս բաղկացուցիչ մասերը, իսկ մինչ այդ, բանակի բարձրագույն հրամանատարությունը դադարեցրել է ինքնաթիռների շահագործումն ու արգելել դրանց թռիչքները։

Նշենք, սակայն, որ 2014-ի հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայում կայանալու է Ֆորնբորոու ավիացուցահանդեսը, որին մասնակցելու համար F-35 կործանիչի՝ ծովային հետևակի կորպուսի համար նախատեսված «B» մոդիֆիկացիան թռիչքի իրավունք ամենայն հավանականությամբ կստանա, քանի որ ինքնաթիռի բացակայությունը նման հեղինակավոր ցուցահանդեսում կոմերցիոն տեսանկյունից էականորեն կվնասի F-35-ի նախագծի հետագա մրցունակությանը։

Հավելենք, որ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և նավատորմի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվեր ի թիվս այլ երկրների ներկայացրել է նաև Թուրքիան։

2 responses to “Պենտագոնը դադարեցրել է F-35 կործանիչների գնման գործընթացը

  1. Pingback: Ճապոնիայի պաշտպանության նախարարն այցելել է F-35 կործանիչների գործարան | Ռազմ.info

  2. Pingback: F-35 կործանիչը այդուհանդերձ չմասնակցեց Մեծ Բրիտանիայում կայացած ավիացուցահանդեսին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *