Ռուսաստանում զորավարժությանը մասնակցում են նաև զրահապատ ռոբոտներ

Կալինինգրադում անցկացված զորավարժության ժամանակ ռուսաստանյան զինված ուժերի ստորաբաժանումները կիրառել են «Պլատֆորմա-Մ» («Платформа-М») զրահապատ ռոբոտներ, որոնք նույնպես մասնակցել են մարտական կրակին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

Ռուսաստանի զինված ուժերի «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտ

Դրանց կրակը կառավարել են զորավարժությունը օդից դիտարկող «Գրուշա» («Груша») անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են տանկային ու հրետանային ստորաբաժանումների կրակի դիպուկության գնահատման, ինչպես նաև թիրախների հայտնաբերման ու դրանց հետևելու համար:

Մարտական ռոբոտները ԱԹՍ-ների օգնությամբ մասնակցել են քաղաքային պայմաններում «օրինախախտ զինված ստորաբաժանումների» չեզոքացման վարժանքին ու կրակել են շարժվող ու անշարժ թիրախների վրա:

Նշենք, որ «Պլատֆորմա-Մ» զրահապատ մարտական ռոբոտներն առաջին անգամ ներկայացվել են 2013-ի սեպտեմբերին Ռուսաստանի նիժնի Տագիլ քաղաքում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Այս ռոբոտիզացված համակարգը ղեկավարվում է 5 կմ հեռավարությունից, սարքի օպերատոր կարող է լինել յուրաքանչյուր սպա, ով ունի տարրական գիտելիքներ համակարգից։

Ըստ ռուսական աղբյուրների՝ այս սարքի նպատակը մարդկային զոհերի բացառումն է, քանի որ օպերատորը ռազմական գործողությունների վայրից բավական հեռու է լինելու, ըստ այդմ՝ զոհվելու հավանականությունը նվազագույնի է հասնելու։

Թեև սարքը ռոբոտիզացված է, բայց կրակի վարման հրամանը տալիս է այն ղեկավարողը։ Ինչպես տեղեկացնում են աղբյուրները, սարքին կարող է միանգամից տրվել մինչև 10 թիրախ ոչնչացնելու հրաման։

2014-ի ապրիլին զրահապատ ռոբոտն անցել է նաև հակադիվերսիոն «Թայֆուն-Մ» զրահամեքենայի հետ համատեղ փորձարկումներ, որոնց նպատակն էր ստուգել ռոբոտիզացված համակարգի և «Թայֆուն-Մ» մեքենայի փոխգործակցությունը «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համալիրների անվտանգության ապահովման գործում։ Ըստ ռոբոտիզացված համակարգի ստեղծողների՝ հնարավոր է լինելու ռոբոտին կառավարել անմիջապես «Թայֆուն-Մ-ի» խցիկից։

Թրթուռավոր ռոբոտը նախատեսված է ստացիոնար ու շարժվող թիրախներ հայտնաբերելու ու ոչնչացնելու, կրակային աջակցման ու զորային հետախուզության համար։ Նրա վրա տեղադրված են ավտոմատ նռնականետներ ու 12,7 մմ «Կորդ» գնդացիր, սակայն հնարավորություն կա տեղադրել այլ սպառազինություն։

3 responses to “Ռուսաստանում զորավարժությանը մասնակցում են նաև զրահապատ ռոբոտներ

  1. Pingback: Ռուսաստանում զորավարժությանը մասնակցում են նաև զրահապատ ռոբոտներ Razm.info | Armday

  2. Pingback: ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ են ընդունվել ռադիացիոն-քիմիական հետախուզության ռոբոտներ | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանում նախագծում են 7 տոննանոց ռազմական բազմանպատակային ռոբոտ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *