Ղազախստանն ամերիկյան ԱԹՍ-ի համատեղ արտադրություն կսկսի

Ամերիկյան Predator XP անօդաչու թռչող սարքի արտադրությունը Աստանայի մոտ նոր կառուցվող գործարանում ղազախստանյան Kazakhstan Engineering («Կազախստան ինժինիրինգ») ընկերությունը կսկսի 2014-ի վերջին։ «Ջեյնս» ռազմական հանդեսի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Բոլատ Սմագուլովը։

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ընկերության ղեկավարի խոսքով՝ ԱԹՍ-ի մասերը ղազախստանյան ընկերությունը ստանալու է սարքը նախագծող ամերիկյան General Atomics ընկերությունից ու դրանք տեղում հավաքի Ղազախստանի զինված ուժերի կարիքների համար։ Ամերիկյան General Atomics ընկերությունից հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները, սակայն հայտնի է, որ 2014-ի մայիսին ղազախստանյան ընկերությունն ու General Atomics-ի General Atomics Systems Integration ստորաբաժանումային կազմակերպությունը կնքել են հուշագիր, ըստ որի՝ ամերիկյան ընկերությունը ղազախստանյան կողմին տրամադրելու էր մեկ միավոր Predator XP անօդաչու թռչող սարք, որպեսզի Ղազախստանում այն փորձարկեին ու գնահատեին։

Պետք է նշել, որ Predator XP անօդաչու թռչող սարքը ամերիկյան RQ-1 Predator ԱԹՍ-ի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ Բազային ԱԹՍ-ի համեմատությամբ՝ Predator XP-ն չի կարող կրել սպառազինություն։ Մարտավարատեխնիկական այլ բնութագրերով երկու սարքերը գործնականում հավասար են։

Ավելացնենք, որ բազային RQ-1 Predator անօդաչու թռչող սարքը նախատեսված է հետախուզության համար։ ԱԹՍ-ի MQ-1 տարբերակը հարվածային է ու կարող է կրել սպառազինություն։ Սարքն ունի 512 կգ զանգված ու կարող է նույնքան բեռներ (սարքավորումներ, սպառազինություն) տեղափոխել։ Սարքի առավելագույն արագությունը 217 կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ մոտ 8 կմ։ Այն կարող է կատարել մինչև 740 կմ հեռավորությամբ թռիչքներ։ Անօդաչու թռչող սարքի հարվածային տարբերակն ունի սպառազինության երկու կախոց ու կարող է կրել մի քանի տեսակի «օդ-մակերևույթ» կառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *