Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերում սպառազինության են ընդունել ռադիացիոն և քիմիական հետախուզության առաջին ռոբոտներին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան հեղինակավոր «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տնօրեն Իգոր Կորոտչենկոն սեփական բլոգում:
Կենտրոնի տնօրենի տեղեկություններով՝ ռուսաստանյան «Ռոբոտատեխնիկայի և տեխնիկական կիբերնետիկայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» պատրաստած ռոբոտներից մեկը ներկայացվել է հունիսին Ռուսաստանում անցկացված «Բանակ-2015» ֆորումի ժամանակ: РД-РХР ռոբոտի հետ ներկայացվել է նաև դրա մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ որի՝ սարքը նախատեսված է օպերատորի նշած տարածքում քիմիական վարակման և ռադիացիոն ճառագայթման ուսումնասիրություն իրականացնելու, միաժամանակ այդ տվյալներն օպերատորին փոխանցելու համար:
Սարքի կապի հեռավորությունը 100 մետր է, այսինքն այն կարելի է ղեկավարել հենց այդքան հեռավորությունից: Այն կարող է կրել մինչև 5կգ բեռներ և շարժվել 0,45 մ/վ արագությամբ և անդադար աշխատել մինչև երկու ժամ:
Ըստ ներկայացված բնութագրերի՝ ռոբոտը աշխատանքային ռեժիմի բերվում է 30 րոպեում, իսկ ընդհանուր շահագործման ժամկետը 1500 ժամ է:
Նշենք նաև, որ բացի այս ռոբոտը Ռուսաստանում շահագործվում են նաև այլ հեռակառավարվող սարքեր, որոնցից կարելի է նշել «Պլատֆորմա-Մ» («Платформа-М») զրահապատ ռոբոտները, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2013թ. Ռուսաստանում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ 2014թ. դրանք արդեն կիրառվել են զորավարժությունների ժամանակ:
Հատկանշական է, որ հունիսի սկզբին Ռուսաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով՝ նկատի ունենալով, որ Ռուսաստանն այս ոլորտում հետ է մնացել համաշխարհային առաջատար պետություններից: Պաշտոնյայի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանում բազմաթիվ ընկերություններ ու կենտրոններ են զբաղվում նման սարքավորումների մշակմամբ, սակայն չկա համագործակցություն:
Pingback: Ռուսաստանում նախագծում են 7 տոննա կշռող ռազմական բազմանպատակային ռոբոտ | Ռազմ.info