Ռուսաստանի պետական «Սիստեմպրոմ» ընկերությունը նախագծում է 7 տոննա զանգվածով ռազմական ռոբոտ, որը որպես բազա կծառայի մարտական ռոբոտների, ականազերծող մեքենայի, ՌԷՊ համակարգի և այլ տեխնիկայի համար: Այս մասին հուլիսի 30-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Թեև նոր նախագծվող մեքենան ներկայացվում է որպես ռոբոտ-տրանսֆորմեր, որը կարող է ձևափոխվել ու մի մեքենայից դառնալ մեկ ուրիշ մեքենա, սակայն այն հեռու է ֆիլմերից հայտնի այդ կերպարներից: Իրականում այն մոդուլային կառուցվածքով սարք է, ինչը նշանակում է, որ ռոբոտի վրա կարելի է տեղադրել օրինակ սպառազինություն, և այն կաշխատի որպես մարտական ռոբոտ: Իսկ եթե սպառազինության փոխարեն տեղադրվեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ կամ այլ սարքավորումներ, այն կաշխատի համապատասխանաբար որպես ՌԷՊ կամ այլ տեխնիկա:
Դրա համար մինչև 7 տոննա զանգվածով ռոբոտը կունենա մինչև 2 տոննա բեռնատարողություն՝ սարքավորումները կամ սպառազինությունը կրելու համար: Այն կունենա 3,5մ երկարություն և 2մ լայնություն, որպեսզի հնարավոր լինի տեղափոխել ռազմական բեռնատար մեքենաներով:
Բազմանպատակային ռոբոտը ներկայում նախագծման փուլում է, նրա փորձարկումները նախատեսվում է անցակցնել մինչև 2015-ի ավարտը: Նշվում է, որ բազային ռոբոտի հիման վրա հնարավոր է լինելու պատրաստել ինչպես մարտական ռոբոտ, այնպես էլ ականազերծող, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոռետրանսլյացիոն մեքենաներ:
Նշենք, որ ներկայում Ռուսաստանի զինված ուժերում կիրառվում են մի քանի այլ ռոբոտներ: Մասնավորապես «Պլատֆորմա-Մ» («Платформа-М») զրահապատ ռոբոտները, ՌԴ ՊՆ հաղորդմամբ, 2014թ. արդեն կիրառվել են զորավարժությունների ժամանակ:
Իսկ ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերում սպառազինության է ընդունվել РД-РХР ռոբոտը, որը նախատեսված է օպերատորի նշած տարածքում քիմիական վարակման և ռադիացիոն ճառագայթման ուսումնասիրություն իրականացնելու, միաժամանակ այդ տվյալներն օպերատորին փոխանցելու համար: