Նիժնի Տագիլում ներկայացվել են զրահատեխնիկայի մի շարք նոր տեսակներ

Նիժնի Տագիլում բացված RAE-2013 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Տ-72 տանկի արդիականացումը։
Նոր տանկի իրանի վերնամասում տեղադրված է «Ռելիկտ» տեսակի դինամիկ զրահ, իսկ աշտարակի հատվածում նախկինի նման պահպանվել է «Կոնտակտ-5» զրահը։

Տ-72 տանկի նոր «քաղաքային» արդիականացումը

Տ-72 տանկի նոր «քաղաքային» արդիականացումը՝ Տ-72 ՏՈւՍԿ

Տանկի կողային հատվածները պաշտպանում են հակակումուլյատիվ կախովի զրահաթիթեղներ, իսկ իրանի ու աշտարակի հետնամասում ամրացված են հակակումուլյատիվ ցանցեր։ Հակափամփուշտային բարակ շերտեր են ամրացված նաև տանկի հրամանատարի աշտարակի կողային ու հետին մասերում, որպեսզի պաշտպանեն նրան հետևից ու կողերից։

Ենթադրվում է, որ տանկը նախատեսված է քաղաքային պայմաններում մարտեր վարելու համար։ Տանկի վրա տեղադրված են նաև ՌԷՊ միջոցներ հակառակորդի կառավարվող հրթիռների դեմ պայքարելու համար։ Իժևսկի մեխանիկական գործարանը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է իր նախագծած շարժական ռոբոտատեխնիկական համակարգը։ Վերջինս զրահավորված ռոբոտ է, որ զինված է մարտական հանգույցով (մոդուլ), որի վրա տեղադրված է գնդացիր։

Հեռակառավարվող մարտական ռոբոտ

Հեռակառավարվող մարտական ռոբոտ

Համակարգը նախատեսված է սարքել հեռակառավարվող, ինչը կպակասեցնի մարդկային կորուստները մարտական պայմաններում։ Ռոբոտը թրթուռավոր է, ունի սպառազինության կայունարար համակարգ, ինչը թույլ է տալիս կրակ վարել նաև շարժման ընթացքում։ Ենթադրվում է, որ ռոբոտի առաջին օրինակը սպառազինության կընդունվի արդեն այս տարի։

Ցուցադրվել է նաև ԶՍՈւ-23-4Մ4 «Շիլկա-Մ4» արդիականացված զենիթային ինքնագնաց համակարգը։ Այն Շիլկայի (ԶՍՈւ-23-4) արդիականացումն է, որի վրա տեղադրված է «Ստրելեց» կրակի կառավարման ռադիոտեղորոշիչ կայան։ Ինքնագնացի վրա տեղադրվել են նաև թվային հետևող համակարգ, նոր ռադիոկայան, փոխվել են մեքենայի թրթուռները, ինչի շնորհիվ մեծացել է նրա շարժունակությունը։

Նոր «Շիլկա-Մ4» զենիթային ինքնագնաց համալիրը

Նոր «Շիլկա-Մ4» զենիթային ինքնագնաց համալիրը

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նաև ռուսական «Ուրալվագոնզավոդ» ու ֆրանսիական RENAULT Truck Defence (Ռենո թրաք դիֆենս) ընկերությունների համատեղ նախագծած նոր հետևակի մարտական մեքենան։ Ներկայացված մեքենայի շարժիչը, տրանսմիսիան ու կրակի կառավարման համակարգը տրամադրել է ֆրանսիական ընկերությունը, իսկ սպառազինությունը՝ ռուսականը։ Մեքենայի վրա դրված է 57 մմ տրամաչափի թնդանոթ։

Ցուցահանդեսի ժամանակ Սու-27 մարտական կործանիչներով օդային հնարքներ ցուցադրեցին «Ռուսաստանի բազեները»։ Նրանք ցածր բարձրության վրա օդային մարտի ներկայացում արեցին։

RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Նշենք, որ 11-րդ RAE-2013 ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 25-ին ու կտևի երեք օր։ Russian Arms Expo-ն սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային ցուցահանդես է, որ կազմակերպվում է Ռուսաստանում 2 տարին մեկ անգամ՝ սկսած 1999-ից։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 400 ներկայացուցիչ 50 երկրներից։

Ցուցահանդեսի տարածքն ընդհանուր առմամբ 400 հազար քառակուսի մետր է ու ընդգրկում է ցուցասրահներ, բաց ցուցադրություններ, հատուկ ճանապարհներ, արգելագոտիներ և այլն։ Ցուցահանդեսին կարող է ներկա լինել միանգամից 7000 դիտող։

3 responses to “Նիժնի Տագիլում ներկայացվել են զրահատեխնիկայի մի շարք նոր տեսակներ

  1. Pingback: Ռուսաստանում զորավարժությանը մասնակցում են նաև զրահապատ ռոբոտներ | Ռազմ.info

  2. Pingback: ԱԹՍ-ների և ռոբոտների տեխնոլոգիական հեղափոխությունն անցել է Ռուսաստանի կողքով. Ռոգոզին | Ռազմ.info

  3. Pingback: ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ են ընդունվել ռադիացիոն-քիմիական հետախուզության ռոբոտներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *