Ռուսաստանը մերձմոսկովյան Սերպուխով զորավարժարանում փորձարկել է իր նոր հետախուզական շարժական համակարգը։ Այս ռոբոտիզացված համակարգը ղեկավարվում է 5 կմ հեռավարությունից, սարքի օպերատոր կարող է լինել յուրաքանչյուր սպա, ով ունի տարրական գիտելիքներ համակարգից։
Ըստ ռուսական աղբյուրների՝ այս սարքի նպատակը մարդկային զոհերի բացառումն է, քանի որ օպերատորը ռազմական գործողությունների վայրից բավական հեռու է լինելու, ըստ այդմ՝ զոհվելու հավանականությունը նվազագույնի է հասնելու։
Թեև սարքը ռոբոտիզացված է, բայց կրակի վարման հրամանը տալիս է այն ղեկավարողը։ Ինչպես տեղեկացնում են աղբյուրները, սարքին կարող է միանգամից տրվել մինչև 10 թիրախ ոչնչացնելու հրաման։
Բացի այդ, սարքի փորձարկման մյուս նպատակներից էր ստուգել ռոբոտիզացված համակարգի և Թայֆուն-Մ հակադիվերսիոն մեքենայի փոխգործակցությունը Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համալիրների անվտանգության ապահովման գործում։
Ըստ ռոբոտիզացված համակարգի ստեղծողների՝ հնարավոր է լինելու ռոբոտին կառավարել անմիջապես Թայֆուն-Մ-ի խցիկից։
Նշենք, որ ռոբոտը նախագծել են Իժևսկի ռադիոգործարանն ու «Ուրալվագոնզավոդը»։ Առաջին անգամ ներկայացվել RAE-2013 ցուցահանդեսում, ցուցադրական պտույտներ է կատարել ու կրակ վարել։
Թրթուռավոր ռոբոտը նախատեսված է ստացիոնար ու շարժվող թիրախներ հայտնաբերելու ու ոչնչացնելու, կրակային աջակցման ու զորային հետախուզության համար։ Նրա վրա տեղադրված է 12,7 մմ «Կորդ» գնդացիր, սակայն հնարավորություն կա տեղադրել այլ սպառազինություն։
Pingback: Ռուսաստանում զորավարժությանը մասնակցում են նաև զրահապատ ռոբոտներ | Ռազմ.info