Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 30-հուլիսի 6

ԶՈւ-ում մահվան դեպքերն ուսումնասիրելու աշխատանքային խումբ զինդատախազությունում։ Մարգարիտա Խաչատրյանի նստացույցը։ ՊՆ պատվիրակությունը՝ Վիլնյուսում։ ԵԱՀԿ պլանային դիտարկում՝ շփման գծում։ Ավարտվեց «Հայրենիքիս զինվորն եմ» ճամբարը։ Դուշման Վարդանի մահվան 21-րդ տարին։ Զորամասում կախված վիճակում շարքայինի դի է հայտնաբերվել։

1. Զինվորական դատախազությունը ստեղծելու է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատականն է ներկայացնելու այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ:
Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո:

Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ տարածքում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2. Հուլիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց նստացույց է սկսել «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Ըստ Խաչատրյանի՝ նա նստացույցում ներկայացնում է ոչ թե խորհրդի, այլ հենց իր պահանջը զինդատախազությունից։

Մարգարիտա Խաչատրյանը բողոքում է. «Հանձնաժողովը սկսի ոչ միայն 2011 թվականի չբացահայտված դեպքերի ուսումնասիրել, այլ 1994 թվականի զինադադարից հետո մնացած գործերը։ Բուն պահանջս այն է, որ անմեղ մարդկանց չդատապարտեն, զինդատախազությունը պատասխան տա չբացահայտված գործերի համար»։

3. Հուլիսի 2-ից 3-ը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վիլնյուս, որտեղ մասնակցել է ԵՄ նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով:

4. Հուլիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

1BdjBYAn0uQRrBeoWQk1Sq4eWl

5. Դիլիջանում հունիսի 30-ին ավարտվեց «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարը։ Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից ու Սփյուռքից:

Dushman 2

6. Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մահվան 21-րդ տարին էր։ Եռաբլուրում հավաքվել էին հերոսի ընտանիքը՝ մայրը, քույրը, մարտական ընկերներն ու մի խումբ երիտասարդներ։
Վարդանը զոհվել է Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի պաշտպանության ժամանակ՝ ականի պայթյունից։ Նրա հետ զոհվեցին նաև Արմեն Երիցյանը (Երո) և Արայիկ Ավագյանը:

7. Հուլիսի 5-ին ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի  դին: ՔՕ 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՌԱԶՄԱՇԱԲԱԹԸ

Ադրբեջանում՝ այստեղ

Թուրքիայում՝ այստեղ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *