Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 30-հուլիսի 6

Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը հայտնի է։ Թուրքական բանակի «դիսկո» կտտանքն ու դրա մահացու հետևանքները։ «Չինուք-CH-47F»-ն առաջիկայում կարող են փոխանցվել Թուրքիային։ Առափնյա անվտանգության ուժերը նոր նավ են ստացել։ Հունական ինքնաթիռը՝ Թուրքիայի օդային տարածքում։ 43 հազար զինծառայող՝ Հյուսիսային Կիպրոսում։ Ադրբեջանական մեդալներ՝ թուրք գեներալին։ Կորուստ ավտովթարի պատճառով։ Պայթյուն հրթիռահրետանային և ՀՕՊ զորամասում։

2013_6

1. Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է իր անձնակազմի թվաքականը հուլիսի 1-ի դրությամբ։ Թուրքիայի զինված ուժերում ծառայություն է անցնում 646.218 զինծառայող, որից 346-ը՝ գեներալ և ծովակալ։

2. Թուրքական մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց բանակում «դիսկո» անունը կրող տանջանքի հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին ապահովագրական գումարը չվճարելու վերաբերյալ տեղեկությունը։  Հյուսիսային Կիպրոսում ծառայություն անցնող շարքայինը մահացել էր դեռ 2011 թվականին, սակայն այս դեպքը նոր հնչեղություն ստացավ թուրքական ապահովագրական ընկերության քայլերից հետո։

3. Թուրքիան կարող է առաջիկայում ստանալ ԱՄՆ-ի պատվիրած «Չինուք-CH-47F» (Boeing CH-47F Chinook) ծանր ուղևորատար ուղղաթիռները։ Գործարքի մանրամասների և քանակի մասին պաշտոնական հստակ տվյալներ չեն նշվում, սակայն ավելի վաղ տարածված տեղեկություններով՝ թուրքական կողմը ցանկանում է գնել 14 միավոր արդիականացված «Չինուք»։

4. Թուրքիան ստացել է առափնյա անվտանգության ուժերի համար նախատեսված «Ումութ» նավը, որը մեկն է այն չորս նավերից, որոնք ԶՈւ-ն պատվիրել է տեղական RMK Marine Shipyard ընկերությանը։

5. Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտարարեց, որ հուլիսի 1-ի առավոտյան երկրի օդային սահման է ներխուժել Հունաստանի անհայտ տեսակի ինքնաթիռը, որը երկրի օդային տարածքում է մնացել շուրջ 6 րոպե։ Նշենք, որ սա Թուրքիայի և Հունաստանի համար, որոնք տարածքային վեճեր ունեն Էգեյան ծովում, գրեթե սովորական երևույթ է։

6. Թուրքիան Կիպրոսի բռնազավթված տարածքում շուրջ 43 հազար զինծառայող և 300-ից ավել տանկ է պահում։ Նման արդյունքներ է հրապարակել Կիպրոսի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը։

7. Թուրքիայում հուլիսի 4-ին մահացել է դեռ մայիսին զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած շարքայինը։ Վթարի հետևանքով վիրավորվել էր ևս 3 զինվորական։

8. Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հուլիսի 3-ին «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» և «95-ամյակ» մեդալներով» մեդալներ է շնորհել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուին, ով պաշտոնական այցով Բաքվում էր։

9. Ուրֆա նահանգի զորամասերից մեկում հուլիսի 5-ի վաղ առավոտյան պայթյուն է եղել։ Նախօրոք պլանավորված պայթյունը գրանցվել է Արատ լեռան մոտակայքում տեղակայված հրթիռահրետանային  և հակաօդային պաշտպանության զորամասի տարածքում։ Զինվորականները մոտակա գյուղերի բնակիչներին մզկիթների բարձրախոսների միջոցով տեղեկացրել են սպասվելիք պայթյունի մասին։

ՌԱԶՄԱՇԱԲԱԹԸ՝

Հայաստանում՝ այստեղ

Ադրբեջանում՝ այստեղ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *